Ինչ է պարզել ԱՄՆ հետախուզությունը Ղարաբաղում

1136

Բայդեն-Պուտին սկանդալը, երբ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին համարել էր մարդասպան, փորձագետների պնդմամբ՝ կապված է ամերիկյան հետախուզության զեկույցի հետ:

Ըստ այդմ, Բայդենին հայտնի են դարձել այնպիսի մանրամասներ, կապված նաեւ ԱՄՆ-ում Ռուսաստանի գործողությունների հետ, որ նա հենց այդ տպավորության տակ է միանգամից կտրուկ պատասխանել լրագրողի հարցին: Ընդ որում, խոսքը միայն կիբեռհարձակումների, ընտրություններին միջամտության, Կապիտոլիումի գրոհի մասին չէ, որոնք հայտնի են հանրությանը:

Բայդենը կոշտ կուրս է որդեգրել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի դեմ: Ուշագրավ է, որ ամերիկյան հայտնի Insider պարբերականը, ծավալուն հոդված հրապարակելով Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ, նշել է, որ «Թրամփը այդ տղաներին՝ Էրդողանին, Պուտինին, Բիբիին (Նաթանյահու) հավասարի պես էր վերաբերվում, եւ նրանք բոլորը սկսեցին հավատալ, որ այդպես էլ կա»:

Թրամփի օրոք այս եռյակն իսկապես հասցրեց մի շարք գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմը: Մինչ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան բավական ակտիվ էր եւ դատապարտում էր ագրեսիան, մյուս համանախագահը՝ Թրամփը, հայտարարում էր, թե «տեսնենք կարող ենք կանգնեցնել պատերազմը»:

Փորձագետները նշում էին, որ Թրամփի դեմ ռուսները էական կոմպրոմատներ ունեին, որոնք կարող էին տրամադրել Իսրայելի հատուկ ծառայությունները, կապված նրա եւ հայտնի կինոպրոդյուսերի վաղեմի կապերի հետ:

Թրամփի ծառայությունը Պուտինին ու Էրդողանին արտահայտվում էր կամ ԱՄՆ պասիվությամբ, կամ կարեւոր որոշումների հետաձգմամբ, ինչն անհրաժեշտ ժամանակ էր ապահովում նրանց համար:

Անցյալ տարի դեկտեմբերին Կոնգրեսի ընդունած «2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» օրինագիծն ԱՄՆ հետախուզությանը պարտավորեցնում էր երեք ամսում զեկույց ներկայացնել այդ թվում Լեռնային Ղարաբաղում տիրող կացության վերաբերյալ։

Ծավալուն այս փաստաթղթի 615-րդ հոդվածը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության գնահատական» վերնագիրն է կրում, հստակ պահանջներ է առաջ քաշում ամերիկյան հատուկ ծառայությունների առջև՝ մանրամասնորեն նկարագրել ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունները։

«Հարկավոր է նկարագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերը՝ [փաստաթղթում] ներառելով յուրաքանչյուր նման դեպքի առանձին նկարագրությունը և գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժի դիմել», նշված է փաստաթղթում։

Օրինագծում չի շրջանցվում նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածության թեման։ Նախ սառեցվում եմ բոլոր այն ֆինանսական հատկացումները, որ առնչվում են Թուրքիային F-35 ռազմական օդանավերի և հարակից սպառազինությունների մատակարարմանը։

Բացի այդ, դադարեցվում է ամերիկյան օժանդակությունը Էրդողանի անվտանգությունն ապահովող առանցքային ուժային կառույցին՝ «Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը»։ Դրա պատճառը 2017-ի գարնանը Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին։

Եռամսյա ժամկետը սպառվում է, ի՞նչ է եզրակացրել ԱՄՆ հետախուզությունը: Ռուսաստանը եւ Թուրքիան Իսրայելի մասնակցությամբ շտապեցին իրականացնել իրենց ծրագրերը Հայաստանի հանդեպ, օգտվելով ԱՄՆ-ում իշխանության անցման շրջանից:

Հայաստանի մասնատման ու Հայաստանի դեմ այսպես կոչված եռակողմ հայտարարության միջազգային լեգիտիմացման փորձերը ամերիկյան կոշտ քաղաքականության պարագային կարող են անհաջողության մատնվել: Ավելորդ է ասել, Հայաստանը եւ հայկական լոբբիստական կազմակերպությունները կարող են եւ պետք է բարձրացնեն Հայաստանի դեմ եռյակի պատերազմական հանցագործությունների հարցը:

Աղբյուր՝ Lragir.am