Խոստացել էր` պատմել իրենց քաջագործությունների մասին, երբ ամեն ինչ վերջանար…

418

Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից էր:

Այս համեստագույն, բարի ու ընկերասեր երիտասարդն ընդամենը 19 տարեկան էր, սովորում էր ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետում։

Անդրեասը 2020 թվականի ձմռանն էր բանակ զորակոչվել և իր զինծառայությունն անց էր կացնում Ասկերանում:

Երիտասարդ զինվորականն իր զինծառայությունն անց էր կացնում բոլորովին անտրտունջ:

Պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Անդրեասը մասնակցել է մարտական գործողություններին և պայքարել հանուն մի թիզ հողի։

Հաճախ է տուն զանգել, խոսել ծնողների հետ՝ նրանց հանգստացնելու համար: Նա խոսել է անտագնապ, սակայն շատ կարճ:

Խոստացել էր` պատմել իրենց քաջագործությունների մասին, երբ ամեն ինչ վերջանար։

Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր, թե ոնց է վիճակը իրենց մոտ, ասում էր. «Նորմալ ա մամ, մեր մոտ չեն կրակում», այնինչ մայրը լսում էր կրակոցների ձայնը։

Մի օր էլ սովորականի պես իր հետ խոսելիս հեռախոսը միանգամից անջատեց, որոշ ժամանակ անց զանգեց, ասում է. «Ինչ անշնորհքն են սրանք, չեն էլ նայում մարդը հեռախոսով ա խոսում, միանգամից կրակում են»։

Ի վերջո Անդրեասի հայրը որոշել է հոկտեմբերի 28-ին մեկնել Արցախ, որ լինի որդուն մոտ: Ցավալի զուգադիպությամբ հենց այդ օրն էլ վիրավորում է ստանում։

Բժիշկները 7 օր շարունակ պայքարում են Անդրեասի կյանքի համար: Ցավոք սրտի, երիտասարդ զինվորի կյանքը փրկել չստացվեց:

Անդրեասը բռնեց հավերժի ճամփան, այդպես էլ անավարտ թողնելով ապագայի հետ կապված իր բոլոր նպատակները։

Հերոսի տվյալները տրամադրեց քույրը: