Ինչ համաձայնություն է ձեռք բերել Մոսկվան Երևանում և Բաքվում նոյեմբերի 21-ին. այս ինչ վիճակ է

820

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կայցելի Հայաստանի ԱԳ նոր նախարարը, որը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ:

Զախարովան նշել է, որ Լավրովն ու Արա Այվազյանը կքննարկեն մասնավորապես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցեր:

«Անկասկած, հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական աջակցության ցուցաբերմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաարգելափակմանը, այդ թվում՝ համաձայնությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու ռուսական միջգերատեսչական պատվիրակությունների այցի արդյունքներով»,- հայտարարել է Զախարովան:

Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, որ ձեռք են բերվել նոյեմբերի 21-ի արդյունքներով: Ընդհանրապես, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը ավելի շատ են, քան պատասխանները: Մասնավորապես, կապված, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի, գերիների փոխանակման, հաղորդուղիների բացման հետ:

Այդ իմաստով, համաձայնագիրը ոչ միայն չի կատարվում, այլ ակնառու են այն խախտումները, որ թույլ է տալիս Ադրբեջանը, սկսած ռազմագերիներին նվաստացնող տեսանյութերից և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքից, մինչև ադրբեջանական զինվորականության հանդուգն գործողություններ Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ:

Առ այսօր պարզ չէ Սոթքի հանքի լիարժեք աշխատանքի հեռանկարը, ադրբեջանցիները երեկ այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահման: Կասկած չկա, որ կլինեն նորանոր այդպիսի այցեր այլ ուղղություններով: Ի պատասխան դրա պետք է լինի արձագանք Հայաստանի կառավարությունից, սակայն այդ արձագանքը չկա:

Ըստ ամենայնի, Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին արձագանքի է սպասում Ռուսաստանից, և Լավրովը դեկտեմբերի 7-ին Արա Այվազյանին պետք է ասի, թե ինչ է պետք անել, ինչպես: Հայկական կողմը բացարձակապես կաթվածահար է սեփական իրավունքների շարադրման հարցում, թողնելով տպավորություն, որ պատկերացում չունի այդ իրավունքների շրջանակից, և դրանք սահմանվում են ռուս-թուրքական կամ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններով:

Ավելին, նախորդ շաբաթ Ալիևը հայտարարում էր անգամ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի գաղափարի մասին, բացարձակապես անտեսելով Հայաստանի գործոնը:

Ի վերջո, ով և երբ է Հայաստանի հանրությանը հստակ շարադրելու, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ինչպես նաև դրա, այսպես ասած, տրամաբանության շրջանակում նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու ՌԴ պատվիրակության այցով ինչ պայմանավորվածություններ են նախատեսված, ինչ ժամկետներում, ինչ պարտավորություններով՝ բացի երեք տարածքները Ադրբեջանին հանձնելուց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացման, ըստ էության, միակ օրինակն է:

Աղբյուր՝ 1in.am