Ո՞վ է հող հանձնել. Տարածքները կորսվել են կռվի դաշտում. Լենա Նազարյան

418

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ իշխանության հասցեին դավաճանության մասին մեղադրանքները սուբյեկտիվ ընկալումներ են և դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հարցին՝ «իսկ հողեր հաձնելու մասին ինչ կասեք», Նազարյանը պատասխանել է. «Ո՞վ է հող հանձնել: Տարածքները կորսվել են կռվի դաշտում»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը  դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Այդ մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ Վարչապետը նշել է, որ հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար:

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ. անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչև վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը», — գրել է վարչապետը:

Տեսանյութ`

Աղբյուր