Միթե հնարավոր չէր, երբ Ռիտա Սարգսյանը ողջ էր

884

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագիր են հղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մահվան առիթով:

Ռիտա Սարգսյանը մահացել է նոյեմբերի 20-ին: Նրա առողջական վիճակը ծանրացել էր կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով:

Հայաստանի վարչապետի եւ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրերը ստանում են թերեւս առանձնահատուկ ընկալում, այն քաղաքական դիմակայության ֆոնին, որ կար նրանց եւ երրորդ նախագահ Սարգսյանի ու նրա թիմակիցների միջեւ: Այն կար, գագաթնակետին հասավ թավշյա հեղափոխության օրերին եւ պահպանվեց հետհեղափոխական ամբողջ մթնոլորտում: Այն արտահայտվում էր ուղղակի, անուղղակի, թիմակիցներով, սոցցանցային համակիրներով, այսպես ասած ֆեյքերով, հնարավոր ու անհնար տեղեկատվական խողովակներով: Այն կազմում էր հասարակական-քաղաքական փոխադարձ ինքնաոչնչացման շրջապտույտի շրջանակներից մեկը, երբ այլեւս անպատկերացնելի է թվում, թե որն է արգելակը:

Հետհեղափոխական երկու տարում գրեթե զրոյական քայլեր են կատարվել մարդկային հարաբերություններն ու քաղաքականությունը տարանջատելու համար: Թե ինչ է արվել հակառակ տրամաբանությամբ, թերեւս ավելորդ է խոսել:

Այդ խնդիրների լուծումը պահանջում էր փոխադարձ, բազմակողմ ջանք եւ մեծ աշխատանք, առաջին հերթին գաղափարական, արժեքային, մտավոր դաշտում, որպեսզի թավշյա հեղափոխության էներգիան պահպանվեր բոլորովին այլ գործընթացների հաշվին, քան զանազան հաշվեհարդարների գեներացիայի: Իրավա-քաղաքական գործընթացներն ու պայքարը գուցե անխուսափելի էին, բայց անհրաժեշտ էր ներքին մթնոլորտը ամեն կերպ պաշտպանել այդ ամենից կախվածության մեջ գցելուց:

Դրա համար անշուշտ պատասխանատու էր ոչ միայն իշխանությունը, բայց հասարակական-քաղաքական մթնոլորտի համար առաջնային պատասխանատուն միշտ իշխանությունն է:

Ռիտա Սարգսյանի մահվան առիթով հնչում են պարզ, մարդկային, գուցե արարողակարգից բխող, սակայն նաեւ մարդկային իրողություններով թելադրված ցավակցություններ: Միթե՞ հնարավոր չէր մթնոլորտը մարդկային տիրույթում պահել, երբ Ռիտա Սարգսյանը ողջ էր: Այդժամ գուցե այսօր շատ բան չլիներ այնպես, ինչ որ՝ է:

Աղբյուր՝ Lragir.am