Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա պատասխանատվություն է դրված ԼՂ հարցի շուրջ, սակայն մեզ անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տրվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

220

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած: Քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտականությունների կատարմանը: Որպես Մինսկի խմբի համանախագահնե՝ր մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ են եղել, մասնավորապես՝ իմ ռուս և ամերիկացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից, որպեսզի հասնենք մարտական գործողությունների ավարտի, սակայն այն պահին դրանք արդյունք չեն տվել»,- ասել է Լե Դրիանը:

«Մեզ վրա պատասխանտվություն է դրել միջազգային հանրությունը: Եվ Հայաստանը ինքը ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը: Այդ ամենը մեզանից պահանջում է հավատարիմ մնալ հավասարաշռված դիրքորոշմանը»,- հավելել է նախարարը:

«Սակայն հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն է առկա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել նրան, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ընդգծել է դիվանագետը:

«Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Լե Դրիանը:

Վերջինս շեշտել է, որ միայն այս հարցերի կարգավորումից հետո կարելի է անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներին:

Նա հավելել է, որ ԼՂ հարցը քննարկել է վերջերս Փարիզ այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: