Օսիպյանն անցել է գործի. նա մտել է «վիրահատարան»

3575

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ստորաբաժանումները «իսկական գրոհ» են իրականացրել քրեական աշխարհի, քրեական տարրերի դեմ, եւ ոստիկանություն է բերվել 10-ից ավելի «օրենքով գող», քրեական մի շարք հեղինակություններ, որոնց հետ տարվել է բացատրական աշխատանք, եւ նրանց հորդորել են զերծ մնալ քրեական բնույթի գործողություններից:

Ոստիկանության նոր պետ Վալերի Օսիպյանը մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարում էր, թե սպասում է, որ «մի հատ ընտրություն լինի» եւ ինքը ցույց կտա, թե արդյոք որեւէ քրեական տարր կարող է միջամտել ընտրական գործընթացին:

Վալերի Օսիպյանը, որի նշանակումը մի կողմից դարձավ հանրային բուռն եւ աղմկոտ քննարկման առարկա, մյուս կողմից բավական նուրբ ու բազմաշերտ որոշում էր, ներկայում ունի հանրությանը ցույց տալու խնդիր, որ իսկապես գտնվում է «փշալարից» այս կողմ եւ պատրաստ է նոր դեմք, նոր որակ հաղորդել ոստիկանությանն ու այն դնել բացառապես օրենքի եւ իրավականության պաշտպանի դերում:

Այստեղ անշուշտ բացի Օսիպյանի անձնական հատկանիշներից, կա նաեւ քաղաքական որոշման խնդիր, երբ քաղաքական իշխանությունը ոստիկանության առաջ չի դնում վերարտադրությունն ու կենսագործունեությունը սպասարկելու խնդիր, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Թերեւս կասկած չկա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանի եւ ոստիկանության առաջ չի դրել այդպիսի խնդիր: Ոստիկանապետը գործում է վարչապետի անմիջական ենթակայությամբ: Ըստ այդմ, քաղաքական կամքի մասով իրավիճակի փոփոխությունը թերեւս աներկբա է: Տվյալ պարագայում հարցն արդեն անձնական հատկանիշների, արժեհամակարգի, կառավարման ունակությունների դաշտում է:
Իսկ խնդիրները, որոնք պահանջում են լուծում, իրապես բարդ են, որովհետեւ գործնականում տարիներ շարունակ ոստիկանությունը դրվել է քրեական տարրերի ծառայության, դրանց ծածկելու կարգավիճակում: Քրեականությունը եղել է Հայաստանում իշխող համակարգի խորքային հենարաններից ու յուրօրինակ լեգիտիմության աղբյուրներից մեկը: Ոստիկանությունն այդ իմաստով ծառայել է այդ հենարանին, իսկ որոշ դեպքերում դարձել դրա համար դիմակ: Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ քրեական տարրերը գործողություն են իրականացրել ոստիկանության կամ համազգեստի, կամ շրջանակի ներքո, երբ ոստիկանության «խորագրով» են հանդես եկել այս կամ այն օդիոզ թաղային հեղինակություն օլիգարխի թիկնազորը, ենթակայության տակ գտնվող խուժանը:

Հայաստանում ոստիկանության խորքային վերափոխման համար հրամայական է այդ իրավիճակի վիրահատական հաղթահարումը, երբ ոստիկանությունը անցնելով «փշալարից» այս կողմ, դրանից այն կողմ կթողնի քրեականությունը:

Վալերի Օսիպյանը կարո՞ղ է լուծել այդ հարցը: Նա թերեւս ունի մոտիվացիոն բավական անհրաժեշտ եւ ուժեղ հիմքեր: Օսիպյանն ըստ երեւույթին որոշել է չսպասել ընտրության՝ լինի հերթական, թե արտահերթ, այլ ձեռնամուխ լինել ոստիկանության «կույրաղիք» դարձած քրեականության վիրահատական հեռացմանը:
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում էր այդ խնդիրը լուծել «թերապեւտիկ» մեթոդներով, տարբեր շարժառիթներով ու պատճառներով: Ակնառու է սակայն, որ «թերապեւտիկ» ճանապարհը լուծում չէ, եւ վիրահատությունը չունի այլընտրանք:

Վալերի Օսիպյանը կգնա՞ մինչեւ վերջ: Կամ էլ Օսիպյանը արդեն սկսել է պատրաստվել արտահերթ ընտրությանը:

Աղբյուր՝ Yelaket.am