19-ամյա Դավիթն արկի պայթյունից զոհվել է, բայց դիրքը պահել են

194

«Դավիթի մասին միայն լավը կարող եմ պատմել՝ շատ ուրախ, կյանքը սիրող, կատակը շրթունքից կախ տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Դավիթ Ուզունյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը:

«Դավիթին էլ եմ սկսել դասավանդել 5-րդ դասարանից, նույն դասարանում են սովորել Մխիթարի հետ (Մխիթար Գալեյանը ևս զոհվել է ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս): Առանձնահատուկ, շատ լավ դասարան էր՝ և գիտելիքի առումով, և կարգապահության, ես այդ դասարանը վերցրի և ուղղակի հիացա: Դասվարին՝ Արմինե Գևորգյանին էլ եմ շնորհակալություն հայտնել, հրաշալի դասարան ինձ փոխանցեց: Նույն դասարանում էր սովորում նաև Արցախում վիրավորված Հարություն Դոխոյանը, որը երեկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ միասին ելույթ ունեցավ տեղեկատվական կենտրոնում: Հերոս դասարան էր»,- ասաց Դավիթի դասղեկը:

Լուսինե Արտենյանը հիշում է Դավիթին դպրոցական տարիքից,  ժպիտը դեմքին երեխա էր, բայս, երբ տեսել է զինվորական նկարները՝ արդեն  հասուն տղամարդ էր դարձել, ավելի լուրջ էր, ասում է.

«Գնդլիկ էր Դավիթը, միշտ ժպիտը դեմքին, կատակասեր, ամեն ինչը միշտ թեթև էր տանում, բայց, որ վերջին զինվորական նկարները տեսա՝ ինչքան էր մեծացել, հասունացել: Դավիթը լավ էր սովորում, միշտ խոստանում էր, որ լավ կսովորի, պատասխանատվություն ուներ: Շատ ընկերասեր էր, շատ-շատ, բոլորն իրեն սիրում էին, միայն այդ ժպիտի համար, շատ քաղցր երեխա էր՝ թշիկները՝ կլոր, կարմիր…

Դավիթն ունի շատ լավ ընտանիք, հրաշալի ծնողներ, իրենից մեծ եղբայր և փոքրիկ քույր: Ես այդ դասարանի աշակերտների ոչ միայն մայրիկներին եմ ճանաչում, այլև հայրկներին, որովհետև ինչ որ կազմակերպել ենք, իրենք միշտ առաջին տեղում են եղել, մանավանդ Դավիթի հայրը՝ Բագրատը Ուզունյան: Միշտ օգնել է, էլի կնամեծար, ոնց որ Մխիթարի հայրիկը: Դավիթի հայրիկն  է կազմակերպել ամբողջ ավարտական միջոցառումը, ինքն էր պայմանավորվում, մեզ չէր թողնում անհանգստանայինք»:

Լուսինե Արտենյանը պատմեց նաև, որ չնայած Դավթի ձեռքը կոտրվել էր, ամեն ինչ անում էր, որ չհետաձգվի զորակոչը, և մեկնի ծառայության.

«Դավիթը 2019 թվի հուլիսի 5-ին պետք է զորակոչվեր ծառայության, բայց քանի որ ձեռքը կոտրել էր՝ 6 ամսով հետաձգել էին: Դավիթի ընկերները պատմեցին, որ նա ամեն ինչ արել է, որ հուլիսի 31-ին մեկնի ծառայության: Իր դիմումի համաձայն՝ մեկնել է, չի համաձայնել 6 ամիս մնա, նոր գնա ծառայության:

Պատերազմը սկսվելու առաջին օրից 14 հոգանոց խմբով շատ թեժ մարտեր են տարել և հետ են շպրտել թշնամուն: Հոկտեմբերի 1-ի երեկոյան Դավիթը զոհվել է, արկը պայթել է, միայն նա է զոհվել, բայց դիրքը պահել են: Դասընկերներն էլ ասացին, որ իրենց կողմից էլ ասենք, որ Դավիթը չափազանց բարի տղա էր, երբևէ չեն տեսել, որ նա զայրացած լիներ»:

Դավիթ Բագրատի Ուզունյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Աղբյուր