«Մենք լավ ենք, ձեր ցավը տանենք, բոլորիդ անհանգիստ վիճակը զգում ենք» մերոնք՝ սահմանից

468

Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբելը գիշերվանից պարբերաբար տեղեկություններ էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Նա առաջիններից էր, որ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ադրբեջանցիները կիրառում են ծանր տեխնիկա, մեր դիրքի ուղղությամբ կրակում են տանկերից։

«Լուր տարածեք, որ ամեն ինչ նորմալ է, մենք վստահում ենք մեր զինվորներին, իրենց ցավը տանենք, կանգնած են անսասան, ուժեղ հավատքով, մենք ոչ մի բանի մասին մտածելու չունենք։ Էս պահին դադարել է կրակը, բնակչության հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել»,- տեղեկացրել էր Տեր Աբելը՝ ավելացնելով․ «Մեր առավոտյան 9-ն անց 15-ի աղոթքը չի հետաձգվելու ոչ մի կերպ»։ Մենք զրուցել ենք Տեր Աբելի հետ։

— Հասկանում եմ, որ շատ լարված ու զբաղված եք, բայց պիտի խնդրեմ, որ մի քանի հարցի պատասխանեք։

— Որովհետեւ սիրում եմ ձեզ բոլորիդ ու զգում եմ ձեր անհանգիստ վիճակը։ Ես երբ զգում եմ, որ հանգստացան մարդիկ, խաղաղվեցին ու հասկացան՝ իրականության մեջ ինչ է կատարվում, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ձեզ սիրում եմ, դրա համար։

— Տեր Աբել, Արցախից եւ այլ տեղերից բազմաթիվ ջոկատներից հայտնել են, որ պատրաստ են որպես կամավորներ գալ Տավուշ։ Եկե՞լ են արդեն ու գալու դեպքում որտե՞ղ են լինելու, ի՞նչ են անելու։

— Էդպիսի բան չկա, բոլոր մեր ընկերները որ զանգում են, շատերն են զանգում, տարբեր տեղերից, բոլորին ասում եմ, որ խաղաղվեք, ամեն ինչ նորմալ է, որեւէ մեկի գալու կարիքը չկա, մեր զինծառայողները շատ պատասխանատու են։ Ինչպես ասել եմ, կրկնում եմ՝ գիտեն իրենց խնդիրը, խնդրի լուծման ճանապարհը, ամեն ինչ հստակ է։ Եվ եթե ինչ-որ բան լինի, այդ մասին ես չէ, որ պիտի հայտարարեմ։

Պաշտպանության նախարարությունն այն ինստիտուցիոնալ կառույցներից մեկն է, որ առավելաբար, ճշգրտորեն կատարում է իր առաջ դրված խնդիրը։ Եվ իրենց առաջ դրված խնդիրը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է, եւ այդ խնդիրն իրենք շատ հստակ կատարում են։ Որեւէ մեկի միջամտության կարիքը ու ընդհանրապես՝ անհանգստության, չկա։ Մեզ մոտ էլ՝ Տավուշում, տարբեր ժամանակներում պատերազմի մասնակցած ազատամարտիկներ կան, իրենք էլ պահեստազորային են։ Ես էլ եմ պահեստազորային․ համազգեստ ունենք, ամեն ինչ հստակ կարգի մեջ է։ Մենք չենք խառնվում, որովետեւ մեզ նման ցուցում չկա։

— Զինվորական կոչո՞ւմ էլ ունեք։

— Կոչում չունենք, բայց զենքի տիրապետման պատրաստումներ ենք անցել։ Մենք ապրում ենք սահմանապահ գյուղում։ «Սահմանամերձն» ուրիշ հասկացություն է, «սահմանապահը»՝ ուրիշ, եւ ապրելով սահմանապահ գյուղում՝ տղամարդը չի կարող էդ ամենը չիմանալ։

— Ի դեպ, ժամանակին շատ էր քննարկվում, որ սահմանապահ գյուղերում բոլորին զենք տան։

— Չէ, էդպես չի կարելի անել, մենք համարյա թե բոլոր նախարարների հետ այդ հարցը քննարկել ենք։ Ե՛վ իմ սիրելի Դավիթ Տոնոյանի, հետ, երբ դեռեւս ԱԻ նախարար էր, էդ ժամանակ քննարկել էինք, որ ԱԻՆ զինված ստորաբաժանումներ լինեն գյուղում, եւ սա արդեն երկու տարի է՝ կա։ Շատ գյուղերում ԱԻՆ-ն իրականացնում է ծառայություն։ Այսինքն՝ զենք կա գյուղում, որը պետության պահպանության ներքո է։ Չի կարելի զենք տալ բնակչությանը․ սա անպատասխանատու իրավիճակ կստեղծի։