Մաշա Մնջոյանը կրկին գերեց ավստրալացիներին ու անցավ «Ձայնի» հաջորդ փուլ. տեսանյութ

244

Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով ու հիանալի կատարումներով շարունակում է գերել նաև ավստրալացիների սրտերը։ Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։

Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ «մենամարտելու»։

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը:

Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։ Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։

Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

«Ինչպիսի կրակոտ փորձառություն իմ երկվորյակի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է լինելու հետո»,- Facebook-ի իր էջում գրել է Մաշան և Էլլայի հետ լուսանկար հրապարակել։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մենթոր Քելիի Ռոուենդին ու նաև Բոյ Ջորջին՝ իրեն «փրկելու» համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաշա Մնջոյանը գրավել է «Ավստրալիայի ձայնը» շոուի ժյուրիի բոլոր անդամների սրտերը։ «Կույր լսումների» ժամանակ շրջվել էին ժյուրիի բոլոր չորս անդամները։

Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Նա առաջին անգամ այդ երկիր է այցելել 2014 թ․-ին հայ երգիչների խմբի հետ։

Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։