Սեպսիս, թոքերի այտուց. «Աստղիկ» ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի՝ հղիությունը հսկած բժշկին

665

Հունիսի 10-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել տարբեր ախտանիշներով ՝ ծանր թոքաբորբ, սեպսիս և բազմաթիվ այլ ախտանշաններով։ Ծննդկանը 35 շաբաթական հղիությամբ ապրիլի 29-ին տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, քանի որ այդ օրը վատ է զգացել իրեն, 2-3 անգամ փսխել է ու արյան բարձր ճնշում է ունեցել։

Ծննդկանին հիվանդանոցում ընդունել են, և նրան բուժող բժիշկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆի Հակոբյանը, հարազատներին տեղեկացնում է, որ Սաթենիկ Աթալյանի վիճակը կտրուկ վատացել է, լեղապարկի պրիստուպ է սկսվել և պետք է կեսարյան հատում իրականացվի։ Հարազատները համաձայնել են։ Կեսարյան հատում իրականացվում է, որից հետո հարազատներին տեղեկացնում են, որ Սաթենիկի վիճակը շատ վատ է, նա անգիտակից է, կոմայի մեջ, նրա մոտ երիկամների անբավարարություն ու թոքերի այտուց է սկսվել, բացի դրանից՝ նաև ախտորոշվել է պրեկլապսիա՝ մոր և երեխայի անհամատեղելիություն։

Սաթենիկի քույրը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ բժիշկների հետ են խորհրդակցել, և բոլորն էլ պնդել են, որ եթե այն անհամատեղելիությունն իրապես առկա լիներ, ապա դա նկատելի կլիներ մինչ այդ հանձնված անալիզներով, սոնոգրաֆիայի արդյունքում և այլն։ Բացի դրանից՝ Սաթենիկը մեկ այլ երեխա էլ ուներ, որը առանց որևէ խնդրի է ծնվել։

«Բացի դրանից՝ անընդհատ կասկածում էին կորոնավիրուս։ Ոնց որ ուզենային, որ ախտորոշվեր կորոնավիրուս ու տենց թեման փակեին գնար, բայց դա իրենց մոտ չստացվեց։

Կորոնավիրուս ախտորոշել չստացվեց, եկան հայտարարեցին, թե քրոջս մոտ սեպսիս է, ոչ մի օրգան չի աշխատում, երեխայի վիճակն էլ ծանր է, ու այլևս մենք չենք կարող քրոջս «Շենգավիթ» ԲԿ-ում պահել։ Ինչ հարցնում էինք, ասում էին՝ չգիտենք, Ռուդոլֆովնան էլ իր վրայից ամեն ինչ գցում էր, թե իբր շոկի մեջ է։

Բայց մենք ոնց հասկացանք՝ այս ամենը սաղ իր ձեռքի գործն էր, քանի որ ինքն էր կեսարյան հատումն իրականացրել և եթե սեպսիս էր, ապա հենց ինքն էլ արյան վարակն անցկացրել էր»,- ասաց Սաթենիկի քույրը՝ հավելելով, որ երբ իրենց տեղեկացրել են, որ «Շենգավիթ»-ի վերակենդանացման բաժանմունքը չի համապատասխանում Սաթենիկի վիճակին այլևս, հարազատները մայիսի 1-ին Սաթենիկին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ևս ախտորոշվել է սեպսիս, ծանր վիճակ, բայց մինչև մայիսի 13-ը նրա վիճակում դրական փոփոխություններ են նկատվել, բայց դրանից հետո էլ բժիշկները նկատել են, որ ծննդկանի արգանդում փտման պրոցես է սկսվել ու ընդհանուր անզգայացմամբ հեռացնում են Սաթենիկի արգանդը։

«Դրանից հետո անցավ որոշակի ժամանակ, իբր լավացում էր գնում, բայց հանկարծ նորից այլ հիվանդություն ախտորոշվեց, և քույրս այլևս թևերն ու ոտքերը չէր կարողանում շարժեր։ Ասացինք լավ, կյանքը փրկվել է, կհարմարվենք նաև մտքի հետ, որ մնա հաշմանդամ, բայց ՀՀ գլխավոր նյարդաբանը որոշում է իմունոգլոբուլինով բուժել, որ քրոջս անշարժությունը բուժվի։

Դա բավականին թանկ դեղ էր, սկսեցինք մայիսի վերջից այդ դեղով բուժումը, բայց դրանից հետո էլ նրա կեսարյան հատման կարերը սկսեցին բորբոքվել, ջերմությունը բարձրացավ ու արնահոսություն սկսվեց մոտը արդեն հունիսի 5-ին։ Այդ օրը նրան նորից վիրահատեցին ու պարզվեց, որ վնասվել էին հեռացված արգանդի անոթները, որից էլ արնահոսություն էր սկսվել։

Վիրահատությունից հետո արյունահոսությունն անցավ, բայց կտրուկ վատացավ թոքերի վիճակը, և շնչել չկարողանալու հետևանքով հունիսի 10-ին քույրս մահացավ»,-պատմեց Սաթենիկի քույրը՝ ընդգծելով, որ քույրը «Շենգավիթ» ԲԿ գնացել է լիովին առողջ, իր ոտքով, բայց առանց իր երեխային տեսնելու ու վայելելու՝ դրանից մոտ որոշակի ժամանակ անց՝ մահացել։

Սաթենիկի հարազատները արդեն իսկ դիմել են գլխավոր դատախազություն։ Դատախազությունը ընթացք է տվել գործին, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

«Մենք գտնում ենք, որ ամբողջ մեղքը «Շենգավիթ» ԲԿ-ինն է։ Մենք երբ տարանք «Աստղիկ», մեզ ասացին, որ արդեն սեպսիս է։ Կեսարյանի ժամանակ քրոջս արգանդն այնպես էին վնասել, որ սկսել էր փտել։ Ամբողջ մեղքը Ռուդոլֆովնայինն է։ Նրա անփութությունը։ Եթե նա արգանդը վնասել էր, պետք է միանգամից հեռացներ, այլ ոչ թե թողներ, որ փտման պրոցես սկսվեր ու արյան վարակ ստանար, ու չկարողանայինք փրկել քրոջս։

Մենք այս մասին բարձրաձայնելով՝ նաև նպատակ ունենք, որ մարդիկ իմանան ու Ռուդոլֆովնայի մոտ չգնան։ Նման բժիշկները պետք է զրկվեն լիցենզիայից, որ մարդկանց կյանքերի հետ չխաղան»,- եզրափակեց Սաթենիկի քույրը։

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին կրկին «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան էր մահացել, որի հարազատները կրկին մեղադրում էին ծնունդն ընդունող բժշկուհուն՝ Արաքս Հակոբյանին։ Այդ դեպքից հետո կրկին քրեական գործ էր հարուցվել, հաստատվել էր, որ նորածինը մահացել է գանգուղեղային վնասվածքից։

Արաքս Հակոբյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, սակայն պատրաստակամ ենք վերը նշված դեպքի վերաբերյալ ներկայացնելու նաև նրա տեսակետը։