«Մտածված եմ եկել, որ Ադրբեջանի անունն էլ չլսեմ»․ ինչպե՞ս է Էլշան Ալիևը հատել սահմանն ու հասել Արեգունի

1541

Ադրբեջանի քաղաքացի, 1994թ․ ծնված Էլշան Ռասուլօղլի Ալիևն այսօր առավոտյան հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Նա, դուրս գալով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածք, 45 կմ քայլել է և հասել Դարանակ- Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի տարածք։

Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնեց Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանը։

«Ճամբարի պահակը վաղ առավոտյան լսել է շների հաչոցը։ Դուրս է եկել և տեսել անծանոթին, որը հայերեն չի հասկացել և փոխանակվել են ռուսերենով։ Անծանոթը հայտնել է, որ Ադրբեջանից է, այնտեղից փախել և եկել է Հայաստան»,- ասաց գյուղապետը։

Այնուհետև ճամբարի պահակը Ադրբեջանի քաղաքացուն ուղեկցել է գյուղապետի՝ Սոս Հովհաննիսյանի մոտ։ Վերջինս էլ այդ մասին անմիջապես տեղեկացրել է ԱԱԾ-ին։

«Իր ասելով՝ ծնվել է Ռուսաստանում՝ Կալմիկիայում։ Հայրը ադրբեջանցի է, մայրը՝ ուկրաինուհի։ Ծնողները բաժանվել են, մոր մասին տեղեկություն չունի, ունի միայն իրենից 2 տարով մեծ եղբայր, իսկ հայրը վերջին տարիներին է մահացել։ Էլշան Ռասուլօղլի Ալիևը մեծացել է Գանձայի մանկատանը։

Մինչև 16 տարեկանն անընդհատ փորձել է փախչել այդ հաստատությունից, բայց միշտ ոստիկանները նրան հայտնաբերել ու կրկին մանկատուն են տարել։ 16 տարեկանում նորից է փախել։ Մի օր այստեղ, մի օր այնտեղ ապրելով և օրվա ապրուստը վաստակելով, տղան մի կերպ գոյատևել է։ Վերջին տարիներին աշխատել է Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղում՝ որպես հովիվ»,- տղայի հետ ունեցած զրույցից մանրամասներ հայտնեց Սոս Հովհաննիսյանը։

Էլշան Ալիևը հայտնել է, որ իր ծանր ապրելակերպի պատճառով է Հայաստան եկել և, եթե իրեն այստեղ ինչ-որ աշխատանք առաջարկեն, պատրաստ է համաձայնել, եթե ոչ, միակ ցանկությունն է Հայաստանի օգնությամբ 3-րդ երկիր տեղափոխվելը։

«Տղայի խոսքերով՝ դեռևս 2 տարի առաջ իր զինվորական ընկերոջից խորհուրդ է հարցրել, թե ինչպես կարող է հատել սահմանը։ Ընկերն ասել է, որ բարդ է լինելու, քանի որ ամբողջությամբ ականապատ է տարածքը, սակայն նա վերջին 10 օրերի ընթացքում մտքում պլանավորել է ամեն գնով Հայաստան հասնելու ծրագիրը և վերջնականապես որոշել է հրաժեշտ տալ Ադրբեջանին, եթե անգամ սահմանին զոհվեր: «Մտածված եմ եկել, որ Ադրբեջանի անունն էլ չլսեմ»,- Էլշան Ալիևի խոսքերը փոխանցեց գյուղապետ Հովհաննիսյանը։

Գյուղապետի փոխանցմամբ՝ կարճահասակ, շիկահեր տղան բոլորովին ադրբեջանցու տեսք չի ունեցել, ավելի շատ նման է եղել ռուսի։ Եղել է կիսապատռված հագուստով ու կոշիկներով: Ընդամենն ունեցել է ալյուրի պարկից պատրաստած մի ուսապարկ՝ որի մեջ միայն հին շորեր են եղել։ Քաղցած ադրբեջանցին չի հրաժարվել գյուղապետի գթառատ հյուրասիրությունից։

«Կերակրեցի, խանութից հաց, երշիկ, կոլա բերեցի, իմ կաբինետում էլ լավ կերավ, երևում էր՝ շատ սոված էր։ Շատ գոհ մնաց, ծխախոտ էլ տվեցի, դե, մարդ էր էլի, մենք էլ քրիստոնյա ենք, չէ՞»,- ասաց Սոս Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ SHANTNEWS.am