Հնարավոր է բոլորին չհոսպիտալացնենք. Արսեն Թորոսյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

1455

Կորոնոավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են, Ազատություն ռադիոկայանին ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք, եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։

Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է», ասել է նա։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ վարակի տարածման մյուս ուղղությունը բժշկական կենտրոններն են։

Այս կապակցությամբ, նա ասել է, որ պատրաստվում են հաջորդ սցենարին, երբ հնարավոր է բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։

«Դա իր մեջ, իհարկե, վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։ Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին և ծանր դեպքերը», ասաց նա։