ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Բակունցի փողոցում․ մեկ երիտասարդ մահացել է, երկրորդը վիրավոր է

576

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից: Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ:

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են իրար բախված Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել են արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակոցի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Ծիածան» մարկետի դիմած անհայտ անձը կրակոցներ է արձակել Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի, իսկ Lexus-ն էլ առաջ ընթանալով` բախվել է Ford Transit-ին, Օpel-ին և մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենաներին: