Երթեւեկողները ինքնակամ 200-500 դրամներ են վճարում վարորդներին, որովհետեւ գիտեն, որ վարորդի գումար աշխատելու միջոցը միայն դա ա

1374

Էնքան բան ունեմ գրելու՝ չգիտեմ որից սկսեմ, բայց շատ կուզեմ՝ կարդաք։

Ուզում եմ բոլոր բացասական բաները մի կողմ դնենք ու հասկանանք, թե ինչքան դրական ունենք, որովհետեւ բացասականի առկայության դեպքում դրականները միշտ մոռանում ենք։

Էսօր առավոտյան մտածում էի՝ այլ երկրներում պետության համար դժվար պահերին ու ապրելու դժվար պայմաններում կամ համընդհանուր վատ վիճակի հետեւանքով մարդիկ չարանում են իրար հանդեպ, գողություններն ու հանցագործությունները սկսում են շատանալ, փողոցով քայլելը դառնում ա վտանգավոր։ Աչքիս առաջ տեսնում եմ՝ այլ երկրներում մոխրագույն փողոցներով քայլող մի հոգուն, որից ինչ ասես սպասելի ա.. ու մեզ մոտ քայլող մի հոգուն, որին բոլորս կմոտենանք՝ հասկանալու, թե ինչի կարիք ունի։

Մեր երկրում հակառակն ա, միանշանակ !

Մեզ մոտ բոլոր դժվար պահերին ամենավտանգավոր մարդն էլ դառնում ա օգնող ու վստահելի մարդ։ Մեզ մոտ ներքուստ՝ արյամբ, «hayu genov», թե ազգանունի վերջին երեք տառով, թե ինչով պայմանավորված, չգիտեմ, բայց սերն ա շատանում բոլորի հանդեպ։ Մարդիկ սկսում են համախմբվել, կողքինների համար անհանգստանալ, ամեն ինչին այլ արժեք տալ։

Արդեն քանի օր ա, ինչ երթուղայիններից օգտվողները շատ քիչ են։ Ու գիտե՞ք երթեւեկողները ինքնակամ՝ բոլորը բոլորից անկախ ինչ են արել։ 200-500 դրամներ են վճարում վարորդներին, որովհետեւ իրենք գիտեն, որ ունեն էս պահին էդքան ավել գումար ու գիտեն, որ վարորդի գումար աշխատելու միջոցը միայն դա ա։

Կամավորական խումբ հավաքագրելու հրապարակում ա եղել, մեկ օր անց 2000 դիմորդ ա արդեն եղել ու հայտը փակել են, որ կարողանան հասցնել ընտրություն անել։ Հենց գիտակցում եմ, թե ինչ ա դա նշանակում, փշաքաղվում եմ։ Կամավոր օգնեն՝ գիտակցելով որ վարակվելու հավանականությունը շատանում ա։

ՀՀ-ում համաճարակի դեմ պայքարելու համար ֆոնդ ա բացվել, 12 ժամ անց արդեն 43 մլն դրամ էր հավաքվել՝ 500 դրամների, կամ 10,000-ների շնորհիվ։ Մարդիկ «վաղվա օրվա» համար անհանգստանալով ոչ թե իրենց են պահում իրենց գումարները, այլ փոխանցում ֆոնդին։

Առողջապահության նախարարությունը մի մասի համար սխալ ուղղությամբ ա աշխատում, մի մասի համար անթերի ա աշխատում, մի մասը ընդհանրապես կարծիք էլ չունի դրա մասին։

Բայց ամենակարեւորը գիտե՞ք որն ա. էն, որ կարծում եմ՝ գրեթե էդ բոլորի համար էլ անհերքելի փաստ ա ու ակնհայտ ա, որ Առողջապահության Նախարարությունը աշխատում ա օր ու գիշեր, որ չի քնում, որ ամեն հատիկ մարդ ավելանալու հետ մեծ սթրես ա ապրում, որ գիշերը 01։00-ին նախարարությունից կամ հիվանդանոցից հոգնած աչքերով ու սպառված live-ով մեզ հայտնում են վերջին մի քանի ժամվա նորությունները, մի քանի ժամ կիսատ-պռատ քնում՝ ընթացքում միլիոն ահազանգերով վեր թռնելով ու առավոտյան էլի ամբողջ երկրի առողջության պատասխանատվությունը, մուննաթը, դժգոհություններն ու ամեն ինչը ուսերին անցնում աշխատանքի։ Որ ահավոր մարդկային են մոտենում էս հարցին՝ հարազատի պես։

Էս ամեն ինչը մեզ եւս մեկ անգամ միավորելու ա, ավելի ուժեղ ա դարձնելու ու հիշեցնելու ա, որ թեկուզ եւ ոմանց համար ազգի մի մասը ռաբիզ ա, մի մասը ոչ գրագետ, մի մասը անպատասխանատու, մի մասը հին մտածելակերպով, բայց մենք ՄԱՐԴ ենք ու մեր մարդ լինելով ավելի լավն ենք, քան մնացած բոլոր ազգերը։
Մենք ամենալավն ենք, գրողը տանի !
Առողջ եղեք։

Sargsian Annie — Sannié