Կրակոցներ Երևանում. գանգուղեղային և ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 3 քաղաքացի. մեկը մահացել է, բժիշկները պայքարում են նրանցից 2-ի կյանքի համար. ԼՐԱՑՎԱԾ

1063

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ:

Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով:

*** Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց:

*** 22:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցները հնչել են ժողովրդին հայտնի 14-ի կռուգի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ և այս պահին Երևանի ոստիկանապետի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդպետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ:

Աղբյուր՝ SHAMSHYAN.com