Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրականություն չունենալու պատճառով (տեսանյութ)

603

Պերուի Մոչե քաղաքում վերահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 12-ամյա տղան իր տնային առաջադրանքները կատարում փողոցի լապտերների լույսի ներքո, քանի որ ընտանիքը չի կարողանում վճարել էլեկտրականության համար տանը:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ունեցել, երբ տեղի ոստիկանությունն այն հրապարակել է սոցցանցում: Ոստիկաններն առաջինն են նկատել Վիկտոր Մարտին Անգուլո Կորդոբային անցյալ ամիս, երբ ստուգելիս են եղել վերահսկման տեսախցիկների տեսագրությունները:

Տղայի հուզիչ և տպավորիչ պատմությանն անդրադարձել են ինչպես տեղի, այնպես էլ միջազգային լրատվամիջոցները: Պերուացի լրագրողներին հաջողվել է գտնել տղայի բնակության վայրն ու զրուցել նրա մոր հետ՝ պարզելու, թե ինչու է տղան կարդում և գրում փողոցում:

Ինչպես պարզվել է, 12-ամյա Վիկտորի ընտանիքն այնքան աղքատ է, որ չի կարող վճարել տանը հաշվիչ տեղադրելու համար: Այդ իսկ պատճառով ընտանիքը բավարարվում է սովորական մոմի լույսով: Այդ օրը տղան չէր հասցրել տնայիններն անել մինչև արևի մայր մտնելը, և մոմի լույսն էլ բավականին թույլ էր ամբողջ աշխատանքն այդ լույսի տակ անելու համար:

Տղայի պատմության տարածումից հետո նրան է այցելել Մոչեի քաղաքապետն ու խոստացել անձամբ վճարել էլեկտրականության հաշվիչի համար, որպեսզի երեխան ստիպված չլինի ամեն օր դուրս գնալ:

Աղբյուր՝ Tert.am