Ահասարսուռ սպանություն Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է մորը. ոստիկանները տաք հետքերով բացահայտել են դեպքը

2278

Այսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, քննչական բաժնում էլ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Աղբյուր՝ Shamshyan.com