Մանկապարտեզում ինչի՞ց է մահացել 3-ամյա երեխան. ստացվել են փորձաքննության արդյունքները

1580

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխայի մահվան վերաբերյալ ահազանգն ստացվել էր 2019թ. մարտի 4-ին: «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգով տեղափոխվել էր Երեւան քաղաքի՝ 2015 թվականին ծնված աղջիկ երեխա:

Նախնական տվյալներով՝ 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, րոպեներ անց սկսել է խռխռալ, եւ երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, որը նույն օրն ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Երեքամյա երեխան ճանաչվել է տուժող, իսկ նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են  մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, տուժողի իրավահաջորդը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ մահճակալի վրայից, հայտնաբերվել եւ վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:

Փորձաքննություն կատարելու նպատակով ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վերաբերյալ լվացուկներ են վերցվել դաստիրակի, դաստիրակի օգնականի, խոհարարի հագուստներից եւ ձեռքերից: Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ԱՑԽՄ-ի հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաեւ խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից փորձանմուշներ են վերցվել դեպքի օրը՝ 2019թ. մարտի 4-ին, մանկապարտեզի երեխաներին մատուցած ճաշացանկից, որը նույն օրը հանձնվել է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ Երեւանի կենտրոնին: Առգրավվել են նաեւ երեխայի զգեստապահարանում առկա, վերջինիս պատկանող հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկաքիմիական եւ դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է:  Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Աղբյուր՝ News.am