Արուս Տիգրանյանը` «Ֆուլ Հաուս 2»- ի նոր եթերաշրջանում

3416

Եվս մի քանի շաբաթ եւ «Ֆուլ Հաուս 2»-ը կրկին էկրանին կլինի: Սիթքոմի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի կեսին:

Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը: Դերասանական կազմում արդեն իսկ փոփոխություններ կան: Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Լիզային, որին մարմնավորում էր Շողեր Թովմասյանը:

«Ինչպես նշել էի մեր նախորդ զրույցում, այս եթերաշրջանում Կամոյի կերպարն ավելի ակտիվ կլինի: Մեր թիմին կմիանա Արուս Տիգրանյանը: Թե ինչ հերոսուհու կմարմնավորի, ավելի ուշ կմանրամասնեմ: Միայն ասեմ, որ կերպարը դրական է լինելու: Չի բացառվում, որ որոշ սերիաներում նաեւ ես խաղամ: Իմ մասնակցությունը կախված է կերպարային գծի զարգացումներից: Եթե կարիք լինի, կնկարահանվեմ»,-ասել է Մենչը:

Նշենք նաեւ, որ այս օրերին ֆուլհաուսցիները հյուրախաղերով գտնվում են Միացյալ Նահանգներում: Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում կայացել է նրանց՝ այս տարվա առաջին ելույթը, որին կհաջորդի փետրվարի 22-ի Սանկրամենտոյի համերգը: Արմեն Պետրոսյանի խոսքով՝ առաջինն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Հանդիսատեսը շատ գոհ է եղել, ուստի որոշել են եւս մեկ համերգով ներկայանալ լոսանջելեսյան հանդիսատեսին: Այն կկայանա փետրվարի 24-ին:

Աշխատանքային, գործնական առօրյայում ֆուլհաուսցիները, ինչպես միշտ, ժամանակ են հատկացնում ընկերների հետ հանդիպմանը, զբոսանքներին: Առաջին անգամ չեն այնտեղ, ամեն ինչ արդեն հարազատ է դարձել: Նրանք Երեւան կվերադառնան փետրվարի 27-ին եւ անմիջապես կանցնեն սիթքոմի նկարահանման աշխատանքներին:

«Նրանց հետ Երեւան կվերադառնամ նաեւ ես, բայց առանց ընտանիքիս: Աղջիկս` Էլինան, այստեղ նորաձեւության դասընթացների է հաճախում»,-եզրափակել է Մենչը:

Աղբյուրը՝ bravo.am