Հրապարակվել է 1996-ին արված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գտնում Իոսիֆ Աղաջանովի դին, ում սպանության համար Մհեր Ենոքյանը ցմահ է դատապարտվել

11710

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ հաստատելով բժիշկների կողմից ստորագրահավաք սկսելու մասին լուրը:

«Հաշվի առնելով, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է, մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև՝ Բժշկական համալսարանի մասնագետներ,    ստորագրահավաք են սկսել ընդդեմ Մհեր Ենոքյանին ներում տալու խնդրագրին: Արմեն Մուրադյանը ևս՝ որպես բժիշկ, միացել է ստորագրահավաքին»,-ասաց Դանիելյանը:

Նշենք, որ լուրեր են պտտվում, որ Մհեր Ենոքյանն իրեն ներում շնորհելու խնդրագիր է  ներկայացրել և Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից հատնեցին. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:

Բացի այդ, ՀՀ նախագահին և վարչապետին է դիմել նաև սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը և խնդրել է մերժել Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը:

Նշենք նաև, որ եթե դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացնում, ապա ընդունել է մեղքը:  Ըստ «Ներման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ ներման խնդրագիրը պետք է բովանդակի, ի թիվս այլոց, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:

Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:  2003-ին, մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Կից ներկայացնում ենք նաև Իոսիֆ Աղաջանովի  սպանության վերաբերյալ տեսանյութը, որը Tert.am-ին տրամադրել է Նարեկ Մալյանը:

Տեսանյութում ներկայացվում է սպանության գործիքները, դիի գտնվելու վայրը, դատապարտյալների գործողությունները, ինչպես նաև Մհեր Ենոքյանի ու Արամ Հարությունյանի խոստովանությունը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Տեսանյութը պարունակում է սպանության կադրեր: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։

Աղբյուր՝ Tert.am