Սծեռվա բլոգ. Խրախճանք ժանտախտի ժամանակ. «Բոհեմն» ու քաղաքական էլիտան հիմա էլ տժժում են Ալեն Սիմոնյանի ծնունդին

2486

Սծեռվա Բլոգը գրում է՝

Երեկ ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երևանի ակումբներից մեկում նշել է իր ծննդյան օրը։ Այս թեմայի մասին չէի գրի, եթե Ալենի ծնունդն ավելի շատ ինձ հարսանեկան ճոխ խնջույք չհիշեցներ, որին հրավիրված էին հայկական քաղաքական ու էստրադայի վերնախավի առաջին մեծության դեմքեր՝ Արամ mp3-ը, Արա Մարտիրոսյանը, Սրբուկը, իսկ հյուրերի շարքում էին քաղաքապետ Հայկ Մարությանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ։

47690880_939483313107827_1283040187610652749_n

Հիմա անցնենք բուն թեմային։ Կա նման հասկացողություն՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Երևի սրա մասին Ալեն Սիմոնյանն իշխանության անցնելուց հետո լրիվ մոռացել էր, որովհետև միանգամից պետք է բացառել, որ չգիտեր․ չէ՞ որ ինքն ու իր թիմակիցները, դեռ ամիսներ առաջ ոչ մի առիթ չէին բաց թողնում, որպեսզի քննադատեին նախորդներին (երևի՝ արդարացիորեն) միևնույն երևույթի համար, որի կրողը հիմա իրենք են դարձել։

Զարմանում եմ՝ ի՞նչ իմաստ ունի նման ցուցադրական խնջույք կազմակերպել, երբ երկրիդ ժողովուրդը դժվար է ապրում, իսկ դու, բեմի վրա կանգնած, հարուստ օլիգարխի պես ինքնամոռաց պարում ես։ Դա անընդունելի է այն ժամանակ, երբ ձեր թիմն իշխանության է եկել անընդհատ մատնացույց անելով, որ նախկին իշխանությունները դա էին անում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, ընդ որում՝ վերջին 10 օրերում Ալեն Սիմոնյանենց թիմը շատ ավելի շատ նմանօրինակ խնջույքների հոլովակներ ու լուսանկարներ շռայլեց, քան նախորդ իշխանությունները հասցրել էին անել 10 տարում։

49590136_2130433173937291_1428107554880331579_n

Դուք գալիս էիք իշխանության որպես նոր որակ, որպես համեստության օրինակ, որպես ժողովրդի ցավն ու դժվարություները կիսող թիմ, իսկ այս դեպքում լրիվ հակառակն եք ապացուցում։ Կրկնում եմ՝ նախորդների դեպքում էլ դա ճիշտ չէր, բայց նախորդները գոնե փորձում էին որոշակի կոնֆիդենցիալություն ապահովել ու նվազագույնի հասցնել այդ քեֆերի դետալների հանրայնացումը, իսկ դուք դա էլ չեք անում։

49858671_311130039744914_8968400770068899913_n

Իհարկե, չենք հաշվելու, թե որքան գումար է ծախսել իր ծննդյան խնջույքի համար Ալեն Սիմոնյանը կամ որքանով է հղում արել իր կարգավիճակի վրա (իսկ դա անել նա շատ է սիրում), բայց այս տեսանյութը նայելուց հետո պարզապես ուզում ես ասել՝ մի քիչ չափավորեք ձեզ և տեսած պահեք, առավել ևս, որ ոչինչ այդքան չի վնասում Նիկոլի վարկանիշին, ինչքան Ալեն Սիմոնյանի ու մյուս ալենսիմոնյանների ցոփուշվայտ ավելորդություններն ու անհեթեթությունները։

47694939_565142197244886_4883597023949269698_n

Նյութի աղբյուր՝ ster-va.blogspot.com