Ղազախական հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով (տեսանյութ)

13423

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքն ուշագրավ անդրադարձ է կատարել օրերս Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են:

Ռեպորտաժի հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:

Ռեպորտաժում նշվում է, որ Ղազախստանի հայկական համայնքը բավական ակտիվ է տարբեր ոլորտներում, սակայն հայերի կողմից ղազախների նկատմամբ ագրեսիվ վարքի դրսևորում երբևիցե չի նկատվել:

Հայտնի է, որ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երեք կասկածյալներին այսօր տեղափոխել են քննչական մեկուսարան:

Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կռիվը ծագել է երկու խմբի միջև և ազգամիջյան բախման բնույթ չի կրել:

 

Աղբյուր՝ Tert.am