Արսեն Խոջոյանի եղբորը կախված են գտել. ի՞նչ է տեղի ունեցել դին հայտնաբերելուց առաջ

2168

Ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դի` կախված վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ` երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում «Տավուշ» տեքստիլի աշխատակից Դավիթ Խոջոյանի դին մի քանի համագյուղացիներով տեղափոխել են նրանց տուն: Ինչպես ասում են գյուղացիները, մարմնի վրա ակնհայտ բռնության հետքեր չեն եղել: Մինչդեռ հարազատների ներկայացրած պատկերը միանգամայն այլ իրավիճակի մասին է վկայում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթի մայրը` Սվետլանա Խոջոյանը, հայտնեց, որ դեպքից օրեր առաջ որդին ծեծկռտուքի կիզակետում է հայտնվել: Դեպքի մանրամասները նրանց հայտնի չեն դարձել, սակայն կինը չի բացառում, որ որդու անժամանակ մահն այդ ծեծկռտուքի շարունակությունն էր:

Այսպես, ըստ Սվետլանա Խոջոյանի` հոկտեմբերի վերջին Դավիթը ավտովթարի է ենթարկվել: Դեպքից օրեր անց գյուղի մի քանի երիտասարդներ որդուն կիսամերկ, անգիտակից վիճակում բերել են տուն` ասելով, թե Դավիթն ընկած է եղել գյուղամեջում, տարել են հիվանդանոց, բժիշկը զննել, հետ է ուղարկել:
«Մտքովս անգամ չանցավ` հարցնեի` բա էրեխես ինչո՞ւ է առանց զգեստի, բժիշկն ինչպե՞ս կարող էր անգիտակից էրեխուն տուն ուղարկել գիշերվա այս ժամին: Ո՛չ բժշկի թուղթ տվեցին, ո՛չ մի բան: Դավիթի հետ աշխատողները մի քանի օր հետո պատմեցին, որ գործարանում կոնֆլիկտ է եղել: Թե ինչ կոնֆլիկտ, էդպես էլ չիմացա»,- ներկայացրեց որդեկորույս մայրը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Դավիթի եւ նրա գործընկերուհիներից մեկի միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Կարի մեքենայի թելը կտրելու պատճառով Դավիթը նկատողություն է արել գործընկերուհուն, վերջինս էլ ապտակել է նրան: Ի պատասխան` Դավիթը հայհոյել է աղջկան: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների` աղջիկը կատարվածի մասին պատմել է իր փեսացուին, սա էլ որոշել է սաստել Դավիթին: Եղբոր հետ գնացել է պարզաբանում պահանջելու: Ըստ երեւույթին, հենց այդ օրն էլ «տղայական ռազբորկա է եղել», ինչի արդյունքում Դավիթին անգիտակից վիճակով հասցրել են տուն: Ու դրանից մի քանի օր անց հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դին:

«Ինչո՞ւ պիտի էրեխես ինքն իրեն սպաներ: Ո՛չ պարտք ուներ, ո՛չ առողջական խնդիրներ ուներ»,- գանգատվեց Ս. Խոջոյանը` հավելելով, որ ինքնասպանության վարկածին չի հավատա այնքան ժամանակ, քանի դեռ հիմնավոր փաստեր իրեն չներկայացվեն:

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով, այն է` ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ: Ի դեպ, Դավիթը 2014 թվականի մարտի 7-ին Ադրբեջանի գերության մեջ հայտնված, մեկ ամիս անց հայրենադարձված Արսեն Խոջոյանի եղբայրն է:

Աղբյուր՝ Armlur.am