Ահա թե ինչի համար էր պետք բժիշկը

882

Նախընտրական արշավի մեկնարկին, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Արցախի հարցում ՀՀԿ ցուցակական Դավիթ Շահնազարյանի մեղադրանքներին, հետո բավական կոշտ արձագանքեց նաեւ Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ շահարկումներին, այդ թվում Արցախի որոշ պաշտոնյաների, բոլոր ուժերին ուղղված կոչ արեց լուծարված ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը:

Նա քաղաքական ուժերին հորդորեց քարոզչության ընթացքում ձեռնպահ մնալ Արցախի հարցը ներքաղաքական պայքարի խաղաքարտ դարձնելուց, միասնականություն ցուցաբերել այդ հարցում:

Սակայն, չնայած Արա Բաբլոյանի այդ կոչին, նրա կուսակցությունը, նրան Սերժ Սարգսյանի առաջարկությամբ ԱԺ նախագահ նշանակած կուսակցությունը շարունակեց Արցախի հարցի վերաբերյալ քարոզչական ագրեսիվ շահարկումները:

Փաստացի, Դավիթ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն ուղղակի ապտակ հասցրին Արա Բաբլոյանին, արհամարհելով նրան եւ ցույց տալով, որ նրա կոչը չունի որեւէ արժեք: Իհարկե բարդ է ասել, թե արդյոք իրականում այդ ապտակը հասցրին նաեւ Սերժ Սարգսյանին: Համենայն դեպս կա այդպիսի հավանականություն, թեեւ թվում է, որ ՀՀԿ քարոզչությունն ու քաղաքական մարտավարությունը թելադրում է հենց Սերժ Սարգսյանը:

Բայց այստեղ իհարկե իրավիճակը միարժեք չէ, եւ Սերժ Սարգսյանն ու մնացյալ ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ից մնացածը լուռ դիմակայության մեջ են, այդ թվում շարունակելով «ճանաչել» միմյանց:

ՀՀԿ համար Սերժ Սարգսյանի խոսքը կշիռ չունի դեռեւս 2018 թվականի ապրիլի 23-ից, նրա հրաժարականի տեքստից: ՀՀԿ-ն կամ այն, ինչ մնացել է այդ ուժի անվան ներքո, մեծամասնությամբ թերեւս համոզված է, որ Սարգսյանն ուղղակի հանձնել է իրենց, հրաժարականից առաջ մտածելով լոկ իր մասին: Հենց այդ նկատառումից ելնելով էլ նրանք Սերժ Սարգսյանին չթողեցին հեռանալ ՀՀԿ նախագահի պաշտոնից: Մյուս կողմից, Սարգսյանն էլ առանձնապես չձգտեց, թեեւ ապրիլի 25-ին հորդորել էր ՀՀԿ-ին քննարկել այդ հարցը: Ըստ ամենայնի, դա Սարգսյանի հնարքն էր՝ բացահայտելու որոշակի ուժերի մտադրությունները, խթանելով ինչ-ինչ պրոցեսներ եւ հասնելով այն բանին, որ կուսակցության ներսում լինի մի քանի խմբերի պայքար, եւ դա բերի նրան, որ նրանք միասնական մոտեցում չձեւավորեն կուսակցության նոր ղեկավարի հարցում:

Գործնականում, Սարգսյանն առավել լայն իշխանական համակարգի ֆորմատով հենց այդպես էր սկզբունքորեն պահում նախագահի պաշտոնը: Ավելի նեղ կուսակցական ֆորմատում նա պահեց կուսակցության նախագահի պաշտոնը, ՀՀԿ-ին դնելով խնդրի առաջ՝ ինչ անել Սերժ Սարգսյանի հետ, երբ հնարավոր չէ ազատվել նրանից:

Փոխարենը, Սերժ Սարգսյանը կարծես թե գիտեր ինչ անել ՀՀԿ հետ, ունենալով աշխատանքի մի քանի խողովակներ, ադ թվում նաեւ Արա Բաբլոյանը, որի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնում շատերի մոտ էր հարց առաջացրել, այդ թվում ՀՀԿ-ի, թե ինչի՞ համար էր Սարգսյանին այդ պաշտոնում պետք բժիշկը:

Հետո պարզ դարձավ, թե ինչի համար, երբ Բաբլոյանը սկսեց տարբեր լարված իրավիճակներում իր վրա վերցնել «ներքաղաքական խղճի» ֆունկցիա: Մի բան, որը իշխանությունից զրկված ՀՀԿ-ին պետք չէր բացարձակապես:

Այդ իմաստով, Արցախի հարցում ՀՀԿ արդեն բավական նյարդային դրսեւորումները գործնականում անզորության դրսեւորում են, բայց ոչ միայն կամ ոչ այնքան Փաշինյանի հանդեպ անզորության,- այստեղ անգամ Արցախի հարցի շահարկումը չի տալիս ցանկալի էֆեկտ եւ ունենում է բումերանգի նշանակություն,- որքան Սերժ Սարգսյանի բազմազան խաղի հանդեպ, որ նա անում է ՀՀԿ խորագրի հետ:

Իսկ Սերժ Սարգսյանն անում է գործնականում այն, որ ՀՀԿ-ն իշխանական կորպորացիայից վերածում է «քաղաքական դամբարանի», այդ բառի լայն իմաստով, ներգրավելով ոչ միայն կուսակցական, այլ հարակից մի շարք այլ շրջանակների: Սարգսյանն այդպիսով ՀՀԿ ռեաբիլիտացիայի անվան ներքո լուծում է իր քիչ թե շատ, հարաբերական ռեաբիլիտացիայի խնդիրը, ցույց տալու համար, որ ինքն ամենեւին էլ ամենավերջին անհաջող սուբյեկտը չէր հայաստանյան նախկին համակարգում, եւ ցույց տալու համար, թե ինչ շրջանակում է նա ստիպված եղել թագավորել՝ մտաբարոյական ինչպիսի ավերակների վրա:

Աղբյուր՝ Lragir.am