ԵԺԿ նախագահն ընդդեմ Հայաստանի. խայտառակ հայտարարություն

737

«Մենք խորապես մտահոգված ենք անհանդուրժողականության ու ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նախընտրական փուլում ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների առթիվ։ Սա չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում», Հայաստանում արտահերթ ընտրության գործընթացի վերաբերյալ հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, հաջողություն մաղթելով եվրոպական այդ կուսակցությանն անդամակցող ՀՀԿ-ին:

Հայաստանում ընդունված է համարել, որ եվրոպական ինտեգրացիայի դեմ տարիներ շարունակ աշխատել են «դատարկ դհոլները», իրենց հայտնի դիրքորոշումներով: Իրականում սակայն, Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության դեմ աշխատել են նաեւ դոլները՝ առանց հ-ի:

Աշխատել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ներհամակարգային իրողությունների, ներիշխանական հարաբերությունների բնույթի հանդեպ բացարձակ անհամարժեքությամբ եւ այդ անհամարժեքության վրա կառուցված մեխանիկական քաղաքականությամբ:

Երբ օրինակ ԵԺԿ նախագահը մտահոգություն է հայտնում արտահերթ ընտրության գործընթացում «ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների» մասին, դա հարված է Հայաստանում Եվրոպայի հեղինակությանը: Որովհետեւ, եթե օրինակ Դոլը ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, կամ դա պատկերացնում է ՀՀԿ մատուցմամբ, ապա դա իհարկե իր խնդիրն է, բայց երբ նա իր խնդիրը վերածում է Եվրոպայի ամենամեծ կուսակցության նախագահի անունից տարածվող հայտարարության, դա արդեն դառնում է Հայաստանում Եվրոպայի խնդիրը:

Որովհետեւ Հայաստանի հանրությունը կարող է պատկերացնել ու հասկանալ, թե օրինակ ինչի համար կարող է այդօրինակ աղմուկ հանել ՀՀԿ-ն, բայց թե ինչի համար կարող է այդ աղմուկին միանալ ԵԺԿ-ն, առանց լիովին խորամուխ լինելու դրա այսպես ասած հիմնավորումների առկայության հարցում, Հայաստանի հանրության համար թերեւս դժվար է ընկալել ու պատկերացնել:

Կամ, ավելի շուտ դժվար չէ, սակայն այդ դեպքում առաջանում է եվրոպական քաղաքականության ընկալումների խնդիր: Հայաստանի հանրությունը Եվրոպան դիտարկում է իբրեւ Հայաստանի արդիականացման կարեւորագույն եւ արժեքավոր գործընկեր: Մյուս կողմից, Հայաստանի այն շրջանակները, որոնց համար արդիականությունը քաղաքական եւ անգամ տնտեսական մահ է, տարիներ շարունակ փորձում են դրանից խուսափելու համար նենգափոխել Եվրոպայի հանրային ընկալումը Հայաստանում:

Դրա համար մի կողմից փորձ է արվում եվրոպական արդիականությունը ասոցացնել գերազանցապես «փոքրամասնությունների դավադրության», «ազգային արժեքների դեմ արշավի» հետ, ինչպես նաեւ համոզել, որ եվրոպական կոռուպցիան իրականում ոչնչով չի տարբերվում եվրասիականից:

Ընդ որում, ինքնախաբեություն կլինի ասել, թե նենգափոխման եւ աղավաղման այդ փորձերը չեն ունենում հաջողություն: Ունենում են: Եվ այդ հաջողությանը նպաստող քայլ է օրինակ ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հայտարարությունը, ինչպես եվրոպացի այլ տարբեր պաշտոնյաների ու դիվանագետների ամենատարբեր հայտարարություններն ու ընդհանրապես վարքագիծը, ինչը էապես ազդել է Հայաստանի հարցում եվրոպական քաղաքականության արդյունավետության վրա, իհարկե բացասական իմաստով:

Թավշյա հեղափոխությունը ոչ միայն Հայաստանի համար է վերափոխման հնարավորություն, այլ նաեւ Հայաստանի հարցում աշխարհքաղաքական բոլոր գործընկեր կենտրոնների, այդ թվում եվրոպական քաղաքականության համար:

Պարզապես պետք է զբաղվել այդ քաղաքականությամբ, ոչ թե «դհոլ» նվագելով:

Աղբյուր՝ Lragir.am