Ինչպես Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց փուչիկը. գործակալները բացահայտվեցին 

747

Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից պարզաբանում պահանջելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պայթեցրեց ՀԱՊԿ փուչիկը: Փաշինյանը գործնականում բաց տեքստով հայտարարեց, որ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ՀԱՊԿ-ում զբաղված են «պրիմիտիվ գործակալությամբ»:

Այնպես չէ իհարկե, որ դա նորություն էր, պարզապես Նիկոլ Փաշինյանը ստիպեց նրանց բացահայտվել, եւ Լուկաշենկոն ու Նազարբաեւը ՀԱՊԿ-ում այլեւս բացահայտված գործակալներ են:

Թե ում գործակալներն են Լուկաշենկոն ու Նազարբաեւը, դա էլ պարզ է: Թվում է, թե Ադրբեջանի կամ Ալիեւի: Իրականում Ադրբեջանն ընդամենը միջնորդ խողովակն է, իսկ Լուկաշենկոն ու Նազարբաեւը բազմավեկտոր գործակալներ են, որոնք Ռուսաստանի վրա ճնշման միջոց են թե Թուրքիայի, թե Իսրայելի համար: Ադրբեջանը ընդամենը «քողարկիչն» է, եւ Ալիեւը ընդամենը փորձում է այդ դերակատարումից ստանալ իր դիվիդենտը:

Հայաստանի դերն այդ առումով առանցքային է, քանի որ ՌԴ վրա ճնշման առանցքային օբյեկտը կարող էր լինել Հայաստանը: Նախորդ իշխանությունն այդ հարցում ստեղծել էր գրեթե իդեալական իրավիճակ: Լեգիտիմության եւ պետական որակների իսպառ բացակայության պայմաններում այդ իշխանությունը կորցրել էր սուբյեկտությունը եւ հանձնվել Ռուսաստանին:

Այդ հանգամանքը Ռուսաստանի համար՝ որպես Կովկասի անվտանգության առանցքային եւ հիմնական պրովայդեր, եւ Կովկասը որպես կենսական անհրաժեշտության գոտի ունեցող տերություն՝ ստեղծում էր փակուղի: Մոսկվան մի կողմից տեսնում է, որ Հայաստանի համակարգը խժռում է Հայաստանի սուբյեկտությունը եւ այսպես ասած հովանի փնտրում դրսում: Հայաստանի համակարգը իշխանության երաշխիքի դիմաց պատրաստ էր ինքնիշխանությունը հանձնել որեւէ ուժային կենտրոնի: Մոսկվային այլ բան չի մնում, քան վերցնել այն, այլապես ինքնիշխանությունը կհանձնվեր որեւէ այլ կենտրոնի, կամ ուղղակի Հայաստանը կվերածվեր ռեգիոնալ «զորավարժարանի»:

Մյուս կողմից իհարկե այդ իրողության վրա ուղղակի բիզնես էին անում սեգմենտներ, որոնք Կրեմլին հավատացնում էին, թե Հայաստանի լիակատար ռուսիֆիկացիան չունի որեւէ խնդիր եւ Հայաստանը գրպանում է, իրենք դա ապահովում են լիուլի, իսկ ինքնիշխանության մասին մտածողները 20-30 մարգինալներ են:

Դրան զուգահեռ, քայլ առ քայլ խորանում էր այն փակուղին, որ Հայաստանի ինքնիշխանությունը վերցնելով իր համար ստեղծում էր Մոսկվան, հատկապես աշխարհքաղաքական բարդացող միջավայրի եւ իր շուրջ սեղմվող օղակի պայմաններում, ներառյալ կենսական ռեգիոնի հանդեպ ներքեւից՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակից եկող ճնշումը:

Հայաստան առանցքով Կովկասը, որ կարող էր այդ իրավիճակում ՌԴ համար դառնալ  միջազգային անվտանգության եւ ռազմա-քաղաքական համակարգում լեգիտիմության եզակի խողովակ, Մոսկվայի համար դառնում էր վզից կախված քար:

Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը, որը հայ-ռուսական հարաբերության առանցքում դիտարկում է ինքնիշխանության եւ փոխադարձաբար ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, Մոսկվայի համար նոր, խորթ, անսովոր ու անհարմար իրավիճակ, բայց միեւնույն ժամանակ նաեւ փրկօղակ է:

Հայաստանը իր սուբյեկտության վերականգնման գործընթացին զուգահեռ, իր ինքնիշխանության եւ շահերի առարկայացմանը զուգահեռ պայթեցնում է թվացյալ օդ բարձրացնող, իսկ իրականում խեղդող փուչիկները: Այդ հանգամանքը շնչելու եզակի հնարավորություն է նաեւ ՌԴ համար հետխորհրդային ինտեգրացիոն միավորումներում թվացյալ առաջատարի, իրականում թյուրք-բելառուս-իսրայելական շրջափակման մեջ հայտնվող Մոսկվայի համար:

Եթե Կովկասում այդ օղակի սեղմմանը միանար նաեւ Արեւմուտքը, դա կլիներ Ռուսաստանի ավարտը: Բայց Արեւմուտքի համար խնդիրը դա չէ: Կովկասում Արեւմուտքին պետք է բալանս, ոի առանցքային տարրը ռուսականն է, բայց հայկական գործոնի հանդեպ դաշնակցային, ոչ թե վերադասային կարգավիճակով:

Խորհրդանշական է, որ Հայաստանը ՀԱՊԿ փուչիկը պայթեցնելու եւ գործակալներին բացահայտելու փուլին անցավ Ջոն Բոլթոնի ռեգիոնալ այցից հետո, որը սկսվեց Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից: Խորհրդանշական է նաեւ, որ Փաշինյանը Լուկաշենկոյից ու Նազարբաեւից պարզաբանում պահանջելու մասին հայտարարությունն արեց Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որը իր հերթին մինչ այդ նույն օրը հեռախոսազրույց էր ունեցել Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հետ:

Նիկոլ Փաշինյանը պայթեցնում է փուչիկն ու ստեղծում նոր, իրական ռազմա-քաղաքական բլոկի հնարավորություն, որը առնվազն կովկասյան ռեգիոնում կարող է ունենալ միջազգային լեգիտիմություն: Լուկաշենկոն ու Նազարբաեւը կամ պետք է դառնան այսպես ասած երկակի օգտագործման գործակալ, կամ պետք է տապալեն դե ֆակտո նոր ՀԱՊԿ ստեղծման գործընթացը, որի առանցքում այլեւս հայկական գործոնն է, այդպիսով փաստացի իրենց վրա վերցնելով ՀԱՊԿ միջազգային ռազմա-քաղաքական լեգիտիմության հնարավորության տապալման պատասխանատվությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am