Գագիկ Ծառուկյանն ավելի բարդ դրության առաջ է, քան 2015-ին

366

Մամուլը տեղեկություն է հրապարակել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես հայտնի է, նա գլխավորելու է ԲՀԿ համամասնական ցուցակը:

Գագիկ Ծառուկյանը արտահերթ ընտրությանն ընդառաջ հայտնվել է իսկապես բարդ վիճակում: Ընդ որում, վիճակի բարդությունն իհարկե ունի բոլորովին այլ բնույթ, քան, օրինակ, 2015 թվականին, երբ հնչեց Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը: Թվում է, թե դրանից բարդ վիճակ լինել չէր կարող՝ հատկապես, որ այժմ Հայաստանում չկա ռեպրեսիվ իշխանություն: Սակայն քաղաքականության մեջ ըստ էության ավելի բարդ է թերևս հենց այն ժամանակ, երբ չկա ռեպրեսիվ իշխանություն, այսինքն՝ չկա այն սուբյեկտիվ ֆոնը, որ Գագիկ Ծառուկյանին, օրինակ, թույլ էր տվել դառնալ քաղաքական գործոն: Այդ գործոնը ձևավորվել էր անշուշտ նախորդ համակարգի ներքին տրամաբանության արդյունքում, 2007-08 ընտրական ցիկլի հայտնի առանձնահատուկ խնդիրների և ներքին հարաբերությունների հետ կապված բարդությունների, Քոչարյան-Սարգսյան դիլեմայի համատեքստում, սակայն ակնառու էր, որ այն ստացել էր նաև հանրային որոշակի լեգիտիմություն: Թե ինչի շնորհիվ, ինչ ռեսուրսների արդյունքում՝ այլ հարց է:

Ներկայում այդ ներհամակարգային ֆոնը չկա, և Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը թվում է, թե առերևույթ ավելի բարենպաստ դաշտում է, սակայն զուտ քաղաքական առումով աննախադեպ բարդ ժամանակաշրջան է: Եթե նախկինում Ծառուկյանը պայքարում էր, ասենք, իրեն քաղաքականությունից «ուժով» հեռացնելու փորձի դեմ, ապա այժմ նա փնտրում է քաղաքականությունից կամովին հեռանալու ճանապարհներ կամ ավելի ու ավելի է մոտենում այդ փնտրտուքի անհրաժեշտությանը, քանի որ իշխանության բնույթի, իշխող համակարգի բնույթի փոփոխությունն ու խաղի կանոնների իրավականացումն ու օրինականացումը խոշոր սեփականատեր Ծառուկյանի համար ստեղծել են քաղաքականության մեջ մնալու լուրջ խնդիրներ:

Այդ խնդիրներն առավել կխորացնի հանգամանքը, որ քաղաքականությունից հեռու մնալու մասին են հայտարարում այլ խոշոր սեփականատերեր, այդ թվում՝ Ծառուկյանից ոչ պակաս, ինչպես, օրինակ, «Տաշիրից» Կարեն Կարապետյանը, որը դե յուրե ՀՀԿ անդամ է, իսկ դե ֆակտո գործնականում եղել է ՀՀԿ-ից անկախ գործոն, նաև եղբոր՝ ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ: Կարեն Կարապետյանն օրերս հայտարարեց արտահերթ ընտրությանը չմասնակցելու մասին: Ըստ ամենայնի նա չի լինելու միակը:

Մեծ հավանականությամբ, ընտրական պրոցեսներ ներգրավված խոշոր գործարարների կամ սեփականատերերի մի ամբողջ խավ դուրս կգա պրոցեսից, ընտրական շրջանակից: Ծառուկյանը կարող է մնալ, այսպես ասած, կենտրոնում: Այդ ժամանակ չի օգնի նաև հայտարարությունը, թե ինքը սեփականատեր է, ոչ թե գործարար, իսկ օրենքը չի արգելում սեփականատերերին զբաղվել քաղաքականությամբ: Ի վերջո, խնդիրն այդ իմաստով միայն օրենքը չի եղել: Սերժ Սարգսյանն ասում էր, որ թղթերով ամեն ինչ կարգին էր, սակայն դա չօգնեց: Որովհետև հասարակությունը տարբերում է թուղթն ու իրականությունը, ըստ այդմ՝ այստեղ շատ կարևոր է դառնում արդեն մթնոլորտը, ֆոնը:

Եվ այս առումով է, որ ֆոնը փոխվում է, այն ֆոնը, որ ակնհայտորեն ոչ քաղաքական գործիչ Ծառուկյանին դարձրել էր լեգիտիմ քաղաքական գործոն: Հետևաբար ժամանակն է համարժեք լինել ֆոնին, քանի դեռ չի առաջացել արդեն ոչ միայն համարժեքության, այլ նաև լեգիտիմության խնդիր:

Այդ դեպքում Ծառուկյանը կարող է կանգնել արդեն ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաև հանրային, գործարար կյանքում տեղի և դերի հետ կապված բարդությունների առաջ: Իսկ որպես խոշոր սեփականատեր՝ նա անշուշտ լինելու է հանրային գործոն միշտ, և խնդիրը պարզապես համընդհանուր մթնոլորտին ու ֆոնին համարժեք տեղ ու դեր գտնելն է:

Նոր իրավիճակում այդ տեղը քաղաքականությունը չէ, և Ծառուկյանը գլխավորելով ԲՀԿ ցուցակը՝ կարող է դրանից հետո մանդատից հրաժարվելով ապահովել սահուն անցումը քաղաքականությունից հանրային այլ դերակատարման:

Աղբյուր՝ 1in.am