Սիրու՞մ եք պատրաստել հավի ֆիլե. 5 ոսկե կանոն, առանց որոնց անհնար է համեղ պատրաստել

822

Խոհարարությունում ինչի՞ց է կախված հաջողությունը։ Ամեն ինչից: Ցանկացած մանրուք, նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող բան կարող է փչացնել կամ լավացնել ուտելիքի համը։ Նույնիսկ հասարակ ապուրը ամեն մարդու սարքածով տարբեր համ է ունենում։

Բացատրությունը մեկն է․ վարպետությունը մանրուքներում է։ Ձեզ կներկայացնենք մի քանի գաղտնիք՝ ոչ թե ապուրի, այլ՝ հավի ֆիլեի պատրաստման հետ կապված, որպեսզի սեփական փորձով համոզվեք, որ տարբերությունը կարող է հսկայական լինել։ Հավի կրծքամիսը ջերմամշակման ժամանակ կարող է չորանալ ու նույնիսկ կորցնել համը, եթե անտեսեք ամենակարևոր փուլը․ նախապատրաստումը։

Ինչպես համեղ կրծքամիս սարքել

Յուրաքանչյուրն էլ կարող է համեղ ֆիլե սարքել, ու բանը տաղանդը կամ բախտը բերել չէ։ Պետք է իմանալ պատրաստման տեխնոլոգիան, որ լիովին բացահայտվեն մթերքի պատրաստման բոլոր հնարավորությունները։ Իսկ հավի կրծքամիսը մեծ հնարավորություններ ունի։ Շոգեխաշել, եփել, տապակել, ջեռեփել, ապխտել․ ինչ ասես կարելի է սարքել, պետք է միայն իմանալ որոշ նրբություններ։

Միսը թրջեք

Հավի միսը շատ նուրբ է և արագ հեղուկազրկվում է (հատկապես կրծքամիսը), դրա համար էլ պարզապես նախքան օգտագործելը լվանալը քիչ է։ Կրծքամիսը դրեք տաք, աղ արած ջրի մեջ, որ լրիվ ծածկվի, և թողեք 15 րոպե։ Հյութեղությունն ապահովված  է։

Ավելի շատ յուղ

Կարևոր չէ՝ ինչ յուղ եք օգտագործում, կարևորը՝ չվախենաք չափն անցնելուց։ Դուք պետք է կրծքամիսը լավ յուղեք վերևից, ներքևից ու կողքերից, որ միսը նուրբ մնա ու չճաքճքի տապակելիս, փոխարենը ախորժելի կեղև առաջանա։

Ավելի շատ համեմունքեր

Համեմունքները պաշտպանիչ շերտ և հոտավետ լրացում կլինեն։ Կրծքամսի հետ ամեն ինչ հարմար է․ սխտորը, ծոթրինը, պապրիկան, քրքումը, քարին և պղպեղների բոլոր տեսակները։ Ի դեպ, պարտադիր են համարվում աղն ու պղպեղը։ Յուղապատված ֆիլեն պատեք համեմունքներով ու անցեք պատրաստման գործին։

Արագ և տաք

Ջեռեփման, եփման և տապակման ժամանակ շատ կարևոր է պատրաստման պահը որսալը (կրծքամիսը 40 րոպեից երկար  ավելի լավ է չպահել)։ Որպես օրինակ վերցնենք հավի կրծքամիսը․ ջեռոցում եփման աստիճանը դրեք բարձրի վրա, իսկ ժամանակը՝ ավելի կարճի։ Կտեսնեք, թե դա ինչ լավ կազդի, և ինչ նուրբ կլինի միսը։

Համբերություն

Եթե դուք  հենց նոր անջատել եք կրակը կամ ֆիլեն հանել եք վառարանից, մի շտապեք այն կտրել։ Ընդհակառակը, թողեք փայլաթիթեղում կամ պարզապես ծածկեք՝ 10 րոպե մնա։ Դա կպահպանի փափկությունն ու հյութալիությունը;

Յուրաքանչյուր նման մանրուք ձեզ կմոտեցնի կատարելությանը։ Եթե ֆիլեն կտորներով եք սարքում, կտրտեք թելիկների լայնքով։ Եթե ցանկանում եք բոլորին հիացնել նրբագույն մսով, կտրեք երկայնքով։ Հիշեք, որ նույնիսկ այս բոլոր կանոնները պահպանելով՝ արդյունքը  խիստ կախված կլինի մթերքի ընտրությունից։ Դուք պետք է իմանաք՝ ինչպես ճիշտ ֆիլե ընտրել։

Ու մի բան էլ․ եթե պատրաստման համար շատ քիչ ժամանակ կա, ընդամենը 15 րոպեում ֆիլեն կտորներով տապակեք։ Ավելի շատ չթողնեք, քանի որ միսը կչորանա ու կանհամանա։