Վանաձորում կորած 12-ամյա տղայի որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են. ԱԻՆ

552

Վանաձորում կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները այսօր՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պատճառը մթությունն է:

Նշվում է, որ այսօր՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, տղան (12 տ., տառապում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել եւ չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում եւ նախկին քիմիական գործարանի տարածքում:

Աշխատանքներին մասնակցել են նաեւ ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից եւ կորած քաղաքացու հարազատները: