Զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարից զոհված Դավիթը Ներքին Բազմաբերդից էր

1675

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված 20–ամյա զինծառայող Դավիթ Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր. զորացրվելու էր այս ձմռանը։

NEWS.am–ի հետ զրույցում Ներքին Բազմաբերդի համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը հայտնեց, որ Դավիթը երկու եղբայր ունի, որոնցից մեկը ծառայում է Մատաղիսում։

«Հայրը հիմնականում արտագնա աշխատանքով է զբաղվում, երեք որդիներից մեկը ծառայել՝ վերադարձել է, մյուսը՝ Մատաղիսում է ծառայում՝ կարատեի Հայաստանի չեմպիոն է, Դավիթն էլ խելոք՝ սովորող տղա էր»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):

Վթարի պահին բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։