Զինծառայողները Գորիսից ուղեւորվում էին Կուբաթլու՝ զորավարժանքների. նոր մանրամասներ

867

Այսօր ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից 20-ամյա Դավիթ Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ էր:

Մեր զրույցում համայնքապետ Խաչատուր Նորեյանն ասաց, որ այսօր զինծառայողները ուղեւորվելիս են եղել Կուբաթլու՝ զորավարժանքների մասնակցելու, սակայն КамАЗ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: «Գորիսում էր ծառայում, տանում էին Կուբաթլու՝ զորավարժանքների, շրջվել են, էդքան բան գիտեմ»,- ասաց Նորեյանը:

Նա ասաց, որ Մելքոնյանը 2 տարվա ծառայող էր, պետք է ձմռանը զորացրվեր: «Երեք եղբայր են, մեկը գարունն է զորացրվել, ինքն ու մյուս եղբայրը ծառայում էին, մեկը՝ Գորիս, մյուսը՝ Արցախում: Ընտանիքը նորմալ պայմաններում է ապրում, հայրը երբեմն արտագնա աշխատանքի է մեկնում, գալիս»,- ասաց Ներքին Բազմաբերդի համայնքապետը:

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ Վթարի հետեւանքով մահացել են 4 զինծառայողներ՝ Դավիթ Մելքոնյանը Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Էդգար Հունանյանը:

Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:

Աղբյուր` Armtimes.com