Քանի դեռ ՀՀԿ-ն ղեկավարում է Սերժ Սարգսյանը, այն դաշնակիցն է Նիկոլ Փաշինյանի. Գուրգեն Եղիազարյան

506

Ամիսներ առաջ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանի անձին վտանգ է սպառնում, բայց հիմա իմ հայացքները փոխվել է: Ես այն ժամանակ իմ պարտքն էի համարում այդ մասին բարձրաձայնել, քանի որ անվտանգությունն ապահովող վարչությունում մնացել էր Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Իհարկե, ես հիմա նման բան չեմ ասի, դա իրենց գործն է: Ես չեմ կարող ասել նաև, որ ամբողջ երկրագնդով մեկ երկրների առաջին դեմքերի անվտանգությունն ապահովված է հարյուր տոկոսով: Այս առումով Հայաստանն իր աշխարհագրությամբ, կարելի է ասել, բավական պաշտպանված երկիր է»,- նշեց Եղիազարյանը, ապա հավելեց՝ Հայաստանի այսօրվա առաջնորդն ամեն երկրորդ խոսքում շեշտում է, որ իշխանությունը ժողովրդինն է, ու բնականաբար չի կարող փակ լինել:

Անվտանգության միջոցառումների համատեքստում և հատկապես մի քանի օր առաջ Կառավարության շենք ներխուժած նռնակով զինված անձի միջադեպի մասով, Եղիազարյանն ասաց՝ անվտանգությունը պետք է քայլեր ձեռնարկի, օրինակ՝ թույլ չտա, որ առաջնորդը մտնի մարդկանց մեջ, կանգնի խաչմերուկներում, հեծանիվով գնա ինչ-որ տեղ և այլն: <Առաջնորդը պետք է նաև հաշվետու լինի իր անվտանգության աշխատակիցների առջև և կատարի նրանց ուղիղ հրահանգները: Ես դեպք գիտեմ, երբ ԱՄՆ-ում անվտանգությունը մի քանի անգամ կանխել է նախագահների տեղաշարժը՝ ինչ-ինչ դրդապատճառներով: Սրան պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Եղիազարյանը հիշեցրեց Կարեն Դեմիրճյանի հետ կապված պատմությունը, երբ վերջինս հրաժարվում էր անվտանգությունից ՝ համարելով, որ ինքը ժողովրդի սիրելին է ու Հայաստանում չի գտնվի մեկն, ով իր վրա ձեռք կբարձրացնի: «Ասում էր՝ Հայաստանում ով պետք է ձեռք բարձրացնի:

Միշտ կգտնվի մեկը, ով ձեռք կբարձրացնի: ժողովրդի մեջ միշտ կգտնվի այն սրիկան, որը կորոշի Կարեն Դեմիրճյանի վրա ձեռք բարձրացնել: Ես ինչո՞ւ եմ սա հիշատակում: Երբ այսօրվա լիդերը մեքենան կանգնացնում է հաստատ մեքենան չեն սկսում համբուրել, Կարեն Սերոբիչի մեքենան համբուրում էին ծայրից ծայր, և այդ ամեն ինչը թուլացնում էր իրեն որպես մարդու, դրա համար ասում էր՝ ի՞նչ անվտանգություն, իմ անվտանգությունն էս ժողովուրդն է»,- ասաց նա:

Գուրգեն Եղիազարյանը նաև անդրադարձավ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալմանը: Նրա կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, ապա խորհրդարանում Հանրապետականը կքվեարկեր իր ուզած ձևով: «Նիկոլ Փաշինյանին ձեռք չէր տալիս նոր Ընտրական օրենսգիրքը հիմա: Հիմա նրան ձեռք է տալիս ներկա օրենսքիրը, մեծամասնականը: Ես ասել եմ, քանի դեռ Հանրապետականը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, այն դաշնակիցն է Նիկոլ Փաշինյանի: Հենց Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա, ՀՀԿ-ն կդառնա միավոր, իսկ նա որոշել է մինչև վերջ կործանել կուսակցությունը»,- մանրամասնեց Գուրգեն Եղիազարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում