Հայաստանը ստացավ լուրջ հնարավորություն. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է

1057

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Լիբանան, որտեղ հանդիպում կունենա թե տեղի քաղաքական ղեկավարության՝ նախագահի, վարչապետի հետ, թե հայկական համայնքի ներկայացուցիչների, նաեւ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Նիկոլ Փաշինյանի այցը հատկանշական է մի շարք իրողությունների ֆոնին, ընդ որում թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական:

Լիբանանը մերձավորարեւելյան բարդ տարածաշրջանի յուրօրինակ աշխարհաքաղաքական «հաբ» է, որտեղ կա նաեւ հայկական ներկայությունը: Այդ հանգամանքը ընդհանրապես հատկանշական է աշխարհաքաղաքական ներկայիս բուռն զարգացումների, սիրիական խնդրի, այդ ամենում Հայաստանի ուղղակի, թե անուղղակի ներկայությանը եւ այդ ներկայության նոր դրսեւորման հնարավոր հեռանկարի՝ Սիրիայում հայկական դրոշի ներքո մարդասիրական առաքելության հարցի ֆոնին:

Այլ կերպ ասած, ներկայիս փուլում, թեեւ իհարկե առնվազն երկու տարվա հրապարակայնորեն ազդարարված քննարկումների փուլում, խոսք է գնում այդ ռեգիոնում հայկական համայնքային-պատմա-քաղաքական ներկայությունը պետական-քաղաքական ներկայությամբ ընդլայնելու մասին: Միաժամանակ հստակ է, որ այն բավականին նուրբ ու բարդ հարց է, որը Հայաստանին դնում է Սիրիայում միմյանց հակադիր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ լրջագույն աշխատանքի անհրաժեշտության, եւ համաժամանակ նաեւ լուրջ աշխատանքի հնարավորության առաջ:

Ահա այդ համատեքստում էլ Փաշինյանի Լիբանան այցը հատկապես հետաքրքիր է դառնում Հայաստան ծրագրվող մի այցի ֆոնին, որը բացառիկ է եւ ինչ որ իմաստով աննախադեպ: Փաստորեն Լիբանանից վերադարձից գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը Երեւանում կընդունի ԱՄՆ առանցքային պաշտոնյաներից, ամերիկյան ներկայիս վարչակազմի հիմնարար դեմքերից եւ ամերիկյան իսթեբլիշմենթի «պատրիարքներից» մեկին՝ նախագահ Տրամպի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնին:

Բոլթոնը հոկտեմբերի 20-ին սկսում է ռեգիոնալ շրջագայություն՝ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան: Նա հայտարարել է, որ առաջ է մղելու ամերիկյան շահերը: Ինչ օրակարգով է գալիս Բոլթոնը, պարզ չէ, սակայն նրա կալիբրը եւ կարգավիճակը հուշում են, որ նա պրոֆիլակտիկայի կամ արարողակարգի համար չէ, որ անցնելու է օվկիանոսը: Նա գալու է շատ կոնկրետ հարցեր քննարկելու: Ըստ տեղեկության, օրակարգում կարող է լինել նաեւ Սիրիայի հարցը, Հայաստանի մարդասիրական առաքելության հարցը, նաեւ Իրանի հարցը՝ թե Սիրիայի եւ Կովկասի զուգահեռ համատեքստում:

Ահա այդ շոշափելի պաշարի ֆոնին հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը ամերիկացի պաշտոնյային ընդունելուց առաջ այցելում է մերձավորարեւելյան բարդագույն  ռեգիոնի կարեւորագույն մի գոտի՝ աշխարհաքաղաքական «հաբ» կամ մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական յուրօրինակ «լոգիստիկ կենտրոն» Լիբանան:

Դա կարող է վկայել, որ Նիկոլ Փաշինյանն էլ պատրաստվում է Ջոն Բոլթոնի հետ լուրջ եւ առարկայական խոսակցության, Բոլթոնի այցից առավելագույն արդյունավետություն ակնկալելու համար:

Աղբյուր՝ Lragir.am