Յուրայինների հարվածը Սերժ Սարգսյանին. նրան չեն ներում

698

Ինչպես եւ սպասվում էր, նախկին իշխող քաղաքական ուժի մի շարք ներկայացուցիչներ փորձեցին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտնի հայտարարությունը՝ Արցախի հարցի եւ տարածքների մասին, օգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ, ներկայացնելով առնվազն նրա արտաքին քաղաքականության անհաջողություն: Մասնավորապես, հնչում են արդեն կարծիքներ, թե Միլզը արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումը, մինչդեռ նախկին իշխանությունը կարողացել էր արտաքին ուժային կենտրոններից եւ Մինսկի խմբի համանախագահներից ստանալ այլ մոտեցումներ:

Այդ կարծիքի հեղինակները ըստ երեւույթին շատ արագ մոռացել են Սերժ Սարգսյանին, կամ համարում են, որ հասարակությունն է շատ արագ մոռացել նրան եւ փորձում են Նիկոլ Փաշինյանին քննադատելով իրականում ստեղծել առիթներ, որ հանրությունը հիշի Սերժ Սարգսյանին եւ օրինակ Արցախի խնդրում նրա այնպիսի համաձայնություններ, ինչպիսին Կազանի պլանն է:

Բանն այն է, որ  ինչ հնչեցրել է դեսպան Միլզը կարգավորման եւ դրանում տարածքների վերադարձի բաղադրիչի մասին, այլ բան չէ, քան այն, ինչ Կազանի պլանում արժանացել էր Սերժ Սարգսյանի հավանությանը: Ընդ որում, Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ խոստովանել այդ մասին:

Եվ այդ ժամանակ ՀՀԿ եւ ոչ մի ներկայացուցիչ չի համարձակվել Սերժ Սարգսյանին քննադատել տարածքների հանձնման, խաղաղապահների տեղակայման պատրաստակամության համար, երբ նրա իսկ խոստովանությամբ այդ ամենը տեղի էր ունենալու առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման:

Այլ կերպ ասած, չի կարող լինել խոսք այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահ ուժային կենտրոնները այժմ փոխել են վերաբերմունքը տարածքների հարցում եւ դիրքավորվել են հանձնման տարբերակով: Այդ տարբերակը եղել է բանակցային գործընթացի հենց սկզբից, եւ այստեղ պետք է նկատել, որ դրան առնվազն ֆորմալ առումով կողմ է արտահայտվել ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ նրա երկու նախորդները:

Ահա այստեղ է, որ մոտենում է դեսպան Միլզի հայտարարության առանցքային պահը, ու տարօրինակ է դառնում այն, որ այդ պահը չէ, որ արժանանում է Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությանը: Խոսքն այն մասին է, որ հեռացող դեսպան Միլզը հայտարարում է այն մասին, որ հայ ժողովուրդը դեմ է տարածքների հանձնմանը, ու նաեւ բավական թափանցիկ ակնարկում, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ունի դրան դեմ լինելու լիակատար հիմք:

Այլ կերպ ասած, դեսպան Միլզը Հայաստանից հեռանալուց առաջ հրապարակավ արձանագրում է, որ Հայաստանի նախորդ իշխանությունները չեն արտահայտել հանրային տրամադրությունը: Դեսպանը դա անում է այժմ, նոր, լեգիտիմ իշխանության պարագայում:

Ու այդ փաստն արձանագրելու եւ հեռացող դիվանագետի այդ կարեւոր ազդակը վերցնելու, օգտագործելու փոխարեն, Հայաստանի հասարակական, փորձագիտական միտքը, նախկին իշխանության տարբեր խմբերը վերցնում եւ օգտագործում են տարածքները հանձնելու պահը միայն, իսկ իշխանության լեգիտիմությունը օգտագործում են այսպես ասած «թարս աճեցնելով», դիտարկելով այն համատեքստում, որ լեգիտիմ իշխանություն նշանակում է իշխանությունը կամ առաջնորդը ինչ կասի, հանրությունն այդպես էլ կանի: Այն դեպքում, երբ գեներացիայի կարիք ունի հակառակ համատեքստը՝ որ ժողովուրդը ինչ կասի, դա էլ կլինի լեգիտիմ իշխանության քաղաքականությունը, եւ եթե նախկինում Հայաստանի իշխանությունը Արցախի հարցում փաստորեն չի արտահայտել ժողովրդի կարծիքը, ինչի մասին ակնարկում է հեռացող դեսպանը, ապա այժմ արտահայտում է հենց այդ կարծիքը:

Գործնականում, Ռիչարդ Միլզը իր բավական թափանցիկ տողատակով հայտարարությամբ Հայաստանի հանրությանը տալիս է Արցախի հարցում դիվանագիտական-քաղաքական նոր մեկնարկի կամ ռեսթարտի հնարավորություն, որին առայժմ համարժեք արձագանքել են եզակի սուբյեկտներ, ու բարեբախտաբար նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը Միլզի հայտարարությունը գնահատել է հեռացող դեսպանի «հեռացող մեսիջ», այսինքն մեսիջը, թե առանց տարածքի հանձնման չի լինի ոչինչ, այլեւս «հեռացած» մոտեցում է:

Հասարակական-փորձագիտական հանրույթի եւ նախկին իշխանության սեգմենտների գերակշռող մասի համար Միլզի հայտարարությունը եղել է հնարավորություն ոչ թե պետական կարեւորագույն հարցում առանցքային վերանայումների անհրաժեշտության մասին խոսելու, այլ ՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին ընդդիմախոսելու տեսանկյունից:

Թեեւ, ինչպես միշտ, նրանք ստանում են հակառակ էֆեկտը եւ հարվածի տակ են դնում Սերժ Սարգսյանին եւ իհարկե նաեւ նրա երկու նախորդներին, որոնք Արցախի հարցում փաստորեն աշխարհին փորձել են համոզել, որ հայ ժողովուրդը կողմ է տարածք հանձնելուն:

Թե ինչու է նրանց պետք հարվածի տակ դնել Սերժ Սարգսյանին, առիթ եղել է անդրադառնալու: Նրանք Սարգսյանին չեն ներում իշխանությունը հանձնելու համար:

Աղբյուր՝ Lragir.am