Նիկոլ Փաշինյանը բացեց խաղաքարտերը. ով է նարկոտրաֆիկի վրա

1777

Սյունիքում հանրության հետ հանդիպմանը խոսելով Սյունիքի մարզպետի պաշտոնում ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակման մասին, որը աղմուկ է բարձրացրել որոշ շրջանակներում, Նիկոլ Փաշինյանն արել է բավական բաց ու անկեղծ հայտարարություն: Նա ասել է, որ Սյունիքի մարզը առանցքային է մի շարք առումներով, եւ մասնավորապես իր խնդիրն է նաեւ մարզում կոտրել միջազգային նարկոտրաֆիկի մեջքը, որը լուրջ վտանգ է Հայաստանի հեղինակության համար:

Ըստ վարչապետի, այդ տրաֆիկը չի կարող գործել առանց տեղում գործընկերներ ունենալու: Փաշինյանը նշել է, որ Սյունիքի մարզում կան կրիմինալ կարգերը եւ հարաբերությունները վերականգնելու փորձեր եւ այդ իսկ պատճառով ինքը ճիշտ է համարել, որ մարզի ղեկավարությունը վստահվի ոստիկանության համակարգում հատկապես օպերատիվ գործունեության գերփորձ ունեցող գեներալի, որը ամուր կկանգնի ոտքերի վրա:

Հունան Պողոսյանի նշանակման կապակցությամբ մարզի առանձնահատկությունների եւ դրանց պարագայում կառավարման բարձր արդյունավետության կարեւոր խնդրի մասին անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը հրաժարականից առաջ հոդվածում:

Անկասկած հասկանալի են այն մտահոգություններն ու ընդդիմախոսությունը, որ հնչել է կամ հնչում է նշանակման կապակցությամբ, հաշվի առնելով այն, թե ինչ համակարգում է Հունան Պողոսյանը զբաղեցրել բարձրաստիճան պաշտոն:

Միեւնույն ժամանակ, կա իհարկե առաջնահերթությունների, խնդիրների դիտարկման մասշտաբների հարց: Դա ենթադրում է, որ մեծ խնդիրը լուծելու համար կարող է «զոհաբերվել» փոքր խնդիր, թեեւ այս առումով էլ ամեն ինչ շատ հարաբերական ու պայմանական է տվյալ դեպքում: Այդուհանդերձ, մեծ խնդիր լուծելու համար կարող է «զոհաբերվել» փոքր խնդիրը եւ այստեղ չկա որեւէ վտանգ: Իսկ ահա հակառակը կարող է լինել խիստ վտանգավոր:

Նիկոլ Փաշինյանը խոսել է բավականին բաց, արձանագրելով հենց այդ հարաբերակցության եւ պատճառահետեւանքային սլաքի խնդիրը, առաջարկելով իրավիճակը դիտարկել արդեն ոչ թե հեղափոխական, այլ պետական կառավարման տրամաբանության շրջանակում:

Հանրությունն անկասկած պետք է աստիճանաբար խնդիրների ու երեւույթների դիտարկումը իրականացնի ոչ թե իշխանության փոփոխության ձգտող հեղափոխականի, այլ իշխանության տիրոջ պրիզմայով: Իսկ դա նշանակում է ավելի քիչ վախեր եւ ավելի շատ հաղթողի ու դրության տիրոջ հոգեբանություն, պատասխանատուի հոգեբանություն, որը ոչ թե տակտիկական որոշումներով է պայմանավորում կամ չափում ապագան, այլ ապագայի մարտահրավերներով, անելիքներով եւ ռազմավարության պրիզմայով է դիտարկում տակտիկական որոշումները:

Աղբյուր՝ Lragir.am