Ռոբետ Քոչարյանը փնտրում է երիտասարդներ

700

Ռոբերտ Քոչարյանը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մասնակցի խորհրդարանի ընտրությանը, և համարում է, որ քաղաքական մի մենաշնորհից Հայաստանը դեկտեմբերի արտահերթ ընտրությամբ կանցնի այլ մենաշնորհի:

Դեկտեմբերի արտահերթ ընտրությանը չմասնակցելու մասին երկրորդ նախագահի հայտարարությունը արդյո՞ք հավասարազոր է այլևս քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարության: Համենայնդեպս, նա այդ առումով արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որ եթե նոր իշխանությունը չհաջողի, ապա իրավիճակը փոխելու պատրաստ երիտասարդներ գտնվելու դեպքում նրանք թող անեն այդ փոփոխությունը:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը «փնտրելու է երիտասարդներ», որոնք կաշխատեն, այսպես ասած, դառնալ նրա քաղաքական «երազանքը» իրականացնողներ: Այսինքն՝ լավ հասկանալով, որ անմիջական քաղաքական դերակատարմամբ իր դրությունը բարդացնելուց բացի, որևէ այլ արդյունքի հասնել չի կարող, Ռոբերտ Քոչարյանն այժմ սկսել է գուցե մտածել այն մասին, որ պետք է քաղաքականության մեջ «լինել» ոչ անմիջականորեն, այսինքն՝ ֆինանսավորել քաղաքականությունը այլ ֆորմատով, նոր երիտասարդական ձևաչափի միջոցով:

Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում սրընթաց ծավալված իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի հետագա քաղաքական, այսպես ասած, գործունեությունը ընդհանրապես հայտնվեց արգելափակման մեջ: Դրանից առաջ էլ հեռանկարը առանձնապես մեծ չէր, սակայն հոկտեմբերի 2-ը ըստ էության փակեց հարցը:

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ սկսեցին ծավալվել ուշագրավ իրավական նոր զարգացումներ, այս անգամ, սակայն, ոչ թե Մարտի 1-ի, այլ տնտեսական գործով: Հատկանշական է, որ երկրորդ նախագահը այդ կապակցությամբ խնդրին հակադարձելու առումով զգալիորեն նվազ ակտիվ է, քան Մարտի 1-ով մեղադրանքների դեպքում: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ իրավապահներն այս անգամ, այսպես ասած, նշանակետին են խփել, թե՞ երկրորդ նախագահի համար Մարտի 1-ի հարցում մեղադրանքները սպասելի էին, և նա պատրաստ էր դրանց, իսկ ահա տնտեսական առումով նա եկել է որոշակի անակնկալի, և պահանջվում է որոշակի ժամանակ՝ իրավիճակը հասկանալու համար:

Բոլոր դեպքերում այն, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է խորհրդարանի ընտրությանը մասնակցելուց և խոսում է իրավիճակի փոփոխության «երիտասարդական» տարբերակի մասին, վկայում է, որ նա իր համար անբարենպաստ, բոլոր առումներով անհարմար հրապարակային քաղաքական դերակատարումից կարծես թե աստիճանաբար անցում է կատարում դեպի ստվեր:

Իհարկե, բարդ է ասել, որ ստվերային դերակատարման առումով նա եղել է ավելի արդյունավետ: Ի վերջո, տասը տարի նա փորձում էր հենց այդպես պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, բայց անհաջող, և անգամ ստվերային քաղաքականությունից էլ նա հեռացավ 2017 թվականի ընտրությունից առաջ՝ հայտարարելով, որ չի ուզում մասնակցել «փողի գերակայությամբ» գործընթացին: Պարզապես ստվերում Ռոբերտ Քոչարյանը թերևս ոչ թե ունի ավելի մեծ հաջողության, այլ գուցե ավելի պակաս անհարմարության հույս, քան հրապարակային քաղաքականության դաշտում:

Աղբյուր՝ 1in.am