Մակրոնի «թաքնված» տպավորությունը կամ նուրբ ակնարկը Փաշինյանին

967

«Ես երբեք նման մեկնաբանություններ չեմ անում»,- այսպես է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ազատության» հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Ես քաղաքականության մասին հետևյալ տեսակետն ունեմ. պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել համաձայն այդ տեսլականի», – հայտարարել է Մակրոնը:

Կարծում ենք՝ այնքան էլ կոռեկտ չէ այն հարցը, որը տրվել է Ֆրանսիայի նախագահին՝ թեկուզև այն առումով, որ մեծ երկրների ղեկավարները, որպես կանոն, աշխատում են զերծ մնալ իրենց քաղաքական համակրանքների մասին խոսելուց։ Չմոռանանք այն հանգամանքը, որ Հայաստանում սպասվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ու այդ համատեքստում Հայաստանի միջազգային գործընկերները շատ ավելի զգույշ են իրենց գնահատականներում, որովհետև նրանց ցանկացած կարծիք կարող է համարվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Գուցե Մակրոնին կաշկանդել է հենց այդ հանգամանքը։

Մյուս կողմից՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն ամենևին էլ ստանդարտ չէ, ոչ էլ դասական նախընտրական վիճակ է։ Ի վերջո, Հայաստանի արտաքին գործընկերները շատ լավ պատկերացնում են այն, ինչ կատարվում է մեր երկրում, ու նրանց հնարավոր տպավորություններն, ըստ էության, ոչ թե միջամտություն են քաղաքական կամ ընտրական գործընթացին, այլ՝ կոնկրետ վերաբերմունք հեղափոխությանը, հետհեղափոխական իրականությանը։

Օրինակ՝ երբ մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Նիկոլ Փաշինյանին համեմատում էր Ադամսի հետ, որևէ մեկի մտքով չանցավ, թե Միլսը քարոզչություն է իրականացնում Հայաստանի վարչապետի ու նրա թիմի օգտին։ ԱՄՆ դեսպանն, ըստ էության, գնահատական էր տալիս ու իր դրական վերաբերմունքն էր արտահայտում հեղափոխության, Հայաստանում կատարվող դրական փոփոխությունների հանդեպ։ Եթե խնդրին նայում ենք այս տեսանկյունից, ապա Մակրոնի պատասխանը կարելի է նույնիսկ խուսափողական համարել։

Ի վերջո, Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ չէ, որ դրական կամ բացասական տպավորություններ է հնչեցրել Դոնալդ Թրամփի, Անգելա Մերկելի կամ Վլադիմիր Պուտինի մասին, ու քիչ են դեպքերը, երբ Ֆրանսիայի երիտասարդ նախագահը լրագրողների հարցերին խուսափողական պատասխաններ է տալիս։ Ըստ ամենայնի, Մակրոնը երեկ ավելի շուտ ոչ թե իր տպավորություններն է թաքցրել, այլ՝ դիվանագիտական ակնարկ է արել՝ հատկապես, որ խոսում է աշխատելու, տեսլական ունենալու մտադրության մասին։ Այլ խոսքով՝ Մակրոնն ակնարկում է, որ իրենք Փաշինյանից սպասում են կոնկրետ արդյունքներ ու նրա քաղաքականությունը կարող են գնահատել միայն որոշակի արդյունքներից հետո։

Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան հաղթահարված չէ, ու մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի մասին խոսում է հիացական շեշտադրումներով և, մեղմ ասած, պատրաստ չէ լսել վերապահումներ կամ քննադատություններ։ Օրինակ՝ Մարալիկում իրենց հեղափոխության կողմնակից համարող երիտասարդները հարձակվել են «Ադեկվատ» խմբի անդամների վրա՝ միայն այն պատճառով, որ նրանք այլ տեսակետներ ունեն ու բարձրաձայնում են այդ մասին։ Սա իսկապես նորմալ չէ, որովհետև մենք կարող ենք կորցնել հեղափոխության իրական ձեռքբերումներն ու իռացիոնալ մտածողության հետևանքով ծնել նոր ավտորիտար իշխանություն կամ համակարգ։

Հայաստանյան իրադարձություններին շատ ավելի պահանջկոտ հայացքով են նայում արտերկրում, որտեղ գնահատման չափանիշը ոչ թե էյֆորիկ տրամադրություններն են, այլ՝ կոնկրետ արդյունքները։ Հայաստանի ժամանակավոր կառավարությունն առայժմ չունի արտաքին քաղաքական կոնկրետ հայեցակարգ, շատ քայլեր իրականացնում է քաոտիկ տրամաբանությամբ, ինչը որոշ դեպքերում անհասկացվածություն է առաջացնում տարբեր մայրաքաղաքներում։ Օրինակ՝ Մակրոնի մոտ օբյեկտիվ հարցեր կարող է առաջացնել Հայաստանի միակողմանի արտաքին քաղաքականությունը, որն էապես չի տարբերվում Սերժ Սարգսյանի քաղաքականությունից, առավել ևս՝ Ռուսաստանի սիրիական արկածախնդրությանը Հայաստանի մասնակցությունը, որի առթիվ հայկական կողմի բերած փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն։

Պետք չէ զարմանալ Մակրոնի երեկվա պատասխանից. դա նույնիսկ ոչ թե տպավորության քողարկում է, այլ՝ Փաշինյանին ուղղված նուրբ դիվանագիտական ակնարկ։

Աղբյուր՝ 1in.am