Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. պաշտպան

622

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Փորձաքննության արդյունքներն էլ հաստատել են իմ կողմից բազմիցս հնչեցված այս հայտարարությունները։ Նրա վիճակը օր օրի ավելի է վատանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Արսեն Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդության պատասխանը ստանալուց հետո իրենք պաշտպանական թիմով կքննարկեն հետագա անելիքները։

Մեր դիտարկմանը, թե պատրաստվո՞ւմ են արդյոք նոր միջնորդություն ներկայացնել գրավի կամ պատգամավորական երաշխավորության տեսքով, որպեսզի փոփոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ երեկ անգամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոփոխվեց, փաստաբանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել ենք և հետագայում էլ ձեռնարկելու ենք։ Ներկա պահին հնարավորություն չունեմ փակագծեր բացելու և հավելյալ ինֆորմացիա հայտնելու գործից, քանի որ այդ մասով իմ պաշտպանյալի հետ պայմանավորվածություն ունեմ»։

Արսեն Մկրտչյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը պայմանավորված է Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու հանգամանքով. «Մենք վարույթն իրականացնող մարմնից որևէ բողոք, որևէ միջնորդություն օրինականության առումով չուենք այսօր։ Նման տեղեկությունները, թե իբր Մանվել Գրիգորյանի ազատությունը պայմանավորված է կոնկրետ անձի դեմ ցուցմունք տալու հանգամանքով, չեն համապատասխանում իրականությանը։ Ասեմ նաև, որ Մանվել Գրիգորյանը ոչ մեկի դեմ ցուցմունք չի տվել, այդ թվում՝ Քոչարյանի, և չի հրաժարվել ցուցմունք տալուց»,- ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ գեներալ Մանվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակությունը):

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ԱԱԾ-ի կողմից նրա բնակարանում կատարված խուզարկությունից հետո, որի ժամանակ հայտնաբերվել էր ոչ միայն զենք-զինամթերք, այլև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բանակին հասցեագրված քաղաքացիների օգնությունը։

Այս պահին Մանվել Գրիգորյանից բացի՝ մեղադրանք է առաջադրված նաև նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին։

Աղբյուր՝ 1in.am