Նախկին պատգամավորների աղմկահարույց սպանության և ինքնասպանության պատճառը 4 միլիոն դոլարն էր. նոր մանրամասներ

848

Հոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանության պատճառը 4 միլիոն դոլար գումարն էր, որը տոկոսով տրված փող էր: Սա Նոր Հայաստանում տեղի ունեցած առաջին աղմկահարույց սպանությունն էր եւ երկրորդ անսպասելի ինքնասպանության դեպքը:

2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում:

Դեպքից անմիջապես հետո պարզվեց, որ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Աբրահամ Մանուկյանը Ծնգլի հետ միասին եղել են «Այգի» ռեստորանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը նախաձեռնել է Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել: Մեր տեղեկություններով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, տարբեր մարդկանց տոկոսով փող է տվել եւ հետո սկսել նրանցից պահանջել իր փողերը՝ տոկոսներով:

Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին եւս Կարապետյանը տվել է 4 միլիոն դոլար տոկոսով փող, որն էլ դարձել է նախկին գործընկերների հարաբերությունների լարվածության պատճառ: Եվ ահա հոկտեմբերի 6-ի չարաբաստիկ օրը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը որոշել է տարաձայնությունը հարթելու, ինչ որ պայմանավորվածության հասնելու համար կողմերին կանչել Նորք Մարաշի իր տան մոտ գտնվող «Այգի» ռեստորանային համալիր, որպեսզի խոսեն, միմյանց հասկանան թեկուզ ինչ որ գույք անվանափոխելու գնով: Մեզ հասած լուրերի համաձայն` հանդիպումը անցել է բավականին լարված մթնոլորտում, եւ Կարո Կարապետյանը սկսել է բարձր տոնով մի քանի հայհոյանք հնչեցնել Հարություն Ղարագյոզյանի, նրա ընտանիքի հասցեին: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, եւ Հարություն Ղարագյոզյանը, հանկարծակի տեղից վեր թռնելով, ատրճանակը պահել է Կարո Կարապետյանի ճակատին: Կարապետյանը ձեռքով հրել է զենքը, ինչի արդյունքում կրակոց է ստացել պարանոցի, այնուհետեւ որովայնի շրջանում՝ թվով 4 գնդակ: Իսկ երբ Կարո Կարապետյանին ուղեկցող Սարգիս Ավագյանը փորձել է ակտիվանալ, Ղարագյոզյանը նաեւ նրան է կրակել թերեւս հանդարտեցնելու եւ վախեցնելու համար: Այդ ժամանակ Սարգիսը եւս ընկել է գետնին:

Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Կարամելի Հարութը, տեսնելով արյունլվա ընկած Կարո Կարապետյանին եւ նրա ընկերոջը, հենց այդ պահին նույն զենքը պահել է իր գլխին եւ ցանկացել է հենց այդ ռեստորանում ինքնասպան լինել: Սակայն ներկաները, մասնավորապես` Աբրահամ Մանուկյանը չի թողել, որ նա գնա այդ քայլին:

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` հենց այդ իրարանցման պահին ոստիկանություն է ահազանգել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը եւ հայտնել, որ ռեստորանում կրակոցներն են, «հասե՛ք»:

Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հարություն Ղարագյոզյանին: Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած:

Այն, որ Կարո Կարապետյանը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իր ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չմեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:

2015 թվականին կրկին գումար տալու տալ-չտալու հարցի շուրջ Կարո Կարապետյանը հայտնվեց աղմկալի իրադարձությունների կենտրոնում` այս անգամ էլ Գերագույն խորհրդի անդամ, Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի մասնակցությամբ: Արդյունքում Ենոքյանը ձերբակալվեց, քանի որ, ըստ իրավապահների,2015 թվականի մայիսի 4-ին Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստվել էր սպանել Կարո Կարապետյանին:

Պարզվել էր` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը մի քանի միլիոն դոլար է ներդրել Գոհարիկ Ենոքյանի փոխանակման կետում հետագայում հետ ստանալու պայմանով եւ այդպես էլ այն չէր ստացել, եւ սկսվել էր իր եւ Գոհարիկ Ենոքյանի անհամաձայնությունը:

Եվ ահա այսպես շատերին գումար տալով եւ այն հետ չստանալով` մշտապես աղմկալի պատմություներով հայտնի Կարո Կարապետյանը սպանվեց 4 միլիոն դոլարի համար: Իսկ ահա մեզ հասած տեղեկություների համաձայն`59 ամյա Հարություն Ղարագյոզյանը ինքնասպան եղավ, որպեսզի կատարվածի պատճառով այլ մարդիկ չտուժեն, վենդետա չլինի, գործը չհասնի իրենց երեխաներին, եւ իր մահով, ըստ էության, լուծեց բոլոր հարցերը, նաեւ խուսափեց ոչ պակաս, քան 15 տարի բանտում անցկացնելու հեռանկարից:

Աղբյուր՝ Armlur.am