Աղմկոտ սպանություն Երևանում. քրեաօլիգարխիան կազմաքանդված է

864

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ Երևանի Նորք-Մարաշ համայնքում գտնվող «Այգիներ» ռեստորանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է Յուվեցի Կարո մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը։ Aysor.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվում է ԱԺ մեկ այլ նախկին մակունանավոր պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը։

Նա նույնպես եղել է ԲՀԿ խմբակցության անդամ։ Հավաստի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը, սակայն փաստորեն հաշտության կենացների փոխարեն՝ հնչել են մահաբեր կրակոցներ։

Սա այն է, ինչ կոչվում է քրեաօլիգարխիկ սեգմենտ, սրանք այն մարդիկ են, որոնք քսան տարի շարունակ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանը վերածել են կրիմինալ թատերաբեմի։ Այսօրվա խորհրդարանում շարունակում է մեծամասնություն կազմել նույն այն տեսակը, որի հավաքական կրողներն են Յուվեցի Կարոն ու Կարամելի Հարութը, ու այդ տեսակը ամեն գնով փորձում երկարաձգել իր իշխանությունը՝ թեկուզ մեկ օրով, մեկ շաբաթով, մեկ ամսով։

Սա այն խաժամուժն է, որն ընտրությունների ժամանակ կեղծիքներ է արել ու «տոկոս խփել», Մարտի 1-ին օտարի վայրենությամբ հարձակվել է անզեն ցուցարարների վրա։

Անցած քսան տարիներին նման, այսպես կոչված, «ռազբորկաները» եղել են անընդհատ․ նրանց բոլորի դիզած հարստությունն արյան ու թալանի հետևանք է ու բնական է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեին ոչ թե իրավական դաշտում, այլ՝ քրեօլիգարխիայի կամ պարզապես կրիմինալի «օրենքներով»։ Նախկինում հնչել են նաև կրակոցներ, իսկ որոշ դեպքերում դրանք կանխվել են․ «պախանի» կարգավիճակում հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ու խնդիրները լուծել են գողական «պանյատիաներով»։

Հիմա քրեաօլիգարխիան կազմաքանդված է ու դրա «կնքահայրերը» զբաղված են իրենց խնդիրները լուծելով ու նախկին համակարգի տարբեր սեգմենտներ այլևս չունեն տաբուներ, զսպող գործոններ ու կրակում են միմյանց վրա։

Կրակում են նաև նոր Հայաստանի վրա, որը պատերազմ է հայտարարել քրեաօլիգարխիային։ Կրակում են այն հպարտ ընդունելության վրա, որով այսօրվանից պատրաստվում ենք դիմավորել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների պատվարժան հյուրերին։

Կեսգիշերին տեղի ունեցած միջադեպը նաև խորհելու տեղիք է տալիս առնվազն երկու հարթության վրա։ Մեր դատական համակարգը դարձել է կրիմինալի մեծագույն գործընկերը ու հեշտությամբ ազատ է արձակում բոլոր այն հանցագործներին, որոնք հայտնվում են ճաղերի հետևում, հետո իրենց գողոնից վճարում են մի քանի միլիոն դրամ գրավ ու գնում են նոր հանցագործութոյւն կատարելու։ Իսկապես պետք են ոչ ստանդարտ լուծումներ՝ արդարադատության համակարգում որակական փոփխություններ կատարելու նպատակով։

Մյուս կողմից՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է հրաժարվեն մասկի-շուներից, «ասֆալտին պառկեցնելու» ու դրա շնորհիվ ծափեր վաստակելու գայթակղությունից ու լուռ ու մունջ, առանց PR-ի Հայաստանը մաքրեն քրեաօլիգարխիայից ու նրա բանդաներից։ Շատ վատ է, որ Հայաստանում շարունակում է մնալ անվերահսկելի զենք, որը կրակում է քաղաքի գրեթե կենտրոնում՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկից ժամեր առաջ։

Աղբյուր՝ 1in.am