«Յուվեցի Կարոյի» հետ հիվանդանոց տեղափոխվածը Սարգիս Ավագյանն է. այս պահին վիրահատում են. ՔԿ (ֆոտո)

2259

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին,  Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում  հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։

Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երեւանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը մահացել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ եւ ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։