«Մեր կյանքին վտանգ է սպառնում». Շուռնուխում ծեծված երիտասարդներ

1254

«Մեզ դաժանաբար ծեծի ենթարկելով ուղղակի վռնդեցին գյուղից, ասում էին՝ դուք համասեռամոլ եք»․ իրավապաշտպան-ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանն «Ազատության» հետ զրույցում այսպես նկարագրեց անցած շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իրենց հետ պատահածը:

«Ազատության» հետ զրուցում Էլվիրան ասաց, թե իրականությունից հեռու են համացանցում տարածված այն պնդումները, թե իրենք գնացել էին այդ հեռավոր գյուղ՝ նույնասեռականություն քարոզելու: Ասաց՝ առաջին անգամ չէ, որ հավաքվում են իրենց շուռնուխցի ընկերոջ տանը:

«Ես շատ լավ տեղյակ եմ, թե Հայաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ինչպիսի ատելության կոչեր ու վերաբերմունք կարող է լինել։ Մենք այնտեղ ԼԳԲՏ թեմայով չէինք հավաքվել։ Եղել են 9 մարդ, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ։ Դա մի նախաձեռնություն էր, որը կոչվել էր «Քվիր հավաք», որը նշանակում է՝ քվիրել՝ հարցականի տակ դնել, խնդրականացնել», — «Ազատությանը» պատմեց Էլվիրա Մելիքսեթյանը։

Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանն «Ազատությանն» ասաց, որ երիտասարդներն իրենց պատշաճ չեն պահել, ինչն էլ վրդովվեցրել է գյուղացիներին․ — «Իմ տեղեկացված լինելով սա է՝ երեկոյան իրենց սկսել են ոչ կոռեկտ պահել, գիշերային ժամերին փողոցներով քայլել, մոմերը վառել ու բալկոնում նստել։ Ամեն դեպքում, ես դեմ եմ ծեծին։ Կարելի է՝ խոսքով հասկացնել։ Մի կնոջ, ում երեխան գրկին է եղել, «բոշա» են անվանել: Կանայք են՝ հուզվել են, սկսել են քաշքշելը», — պատմեց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի վարչական ղեկավարի ասածը ծայրից ծայր հերքեց այդ օրվա միջադեպից տուժած Էլվիրա Մելիքսեթյանը՝ պնդելով, որ ինքը կանանց իրավունքների պաշտանությամբ է զբաղվում և երբեք որևէ կնոջ չէր վիրավորի:

Նրա խոսքով՝ ամիսներ առաջ, երբ իրենք Գորիսում ԼԳԲՏ անձանց մասին քննարկում էին կազմակերպել, երկու տղամարդ հարձակվել էին իրենց վրա։ Ասաց՝ օրերս Շուռնուխում տեղի ունեցածի մասով հիմնական գործող անձինք նույն մարդիկ էին: Էլվիրայի պնդմամբ՝ շուրջ 30 մարդ՝ տրվելով սադրանքներին, հարձակվել են իրենց վրա, քարերով ու բռունցքներով հարվածել, դաժանաբար ծեծել, բռնության կոչեր հնչեցրել ու պահանջել են հեռանալ գյուղից:

Էլվիրան պատմեց Հայկի մասին, ով Շուռնուխի բնակիչ է և հենց նրա տանն էին հավաքվել երիտասարդները, որոնց մեջ, իրավապաշտպան-ակտիվիստի խոսքով՝ կային նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:

«Ազատության» հետ զրույցում Հայկ Հակոբյանն ասաց, որ իր ընտանիքը գյուղում աչքի է ընկնում ընդդիմադիր հայացքներով: Պատմեց՝ նախկին գյուղապետի չարաշահումների մասին նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ասաց՝ խնդրի արմատները հենց այդտեղ են թաքնված՝ ընգծելով, որ գյուղում իր սեռական կողմնորոշման մասին բոլորն են իմացել, բայց երբեք այսպիսի պատմություն չի եղել: Պատմում է, որ երբ Գորիսում «մերժիր Սերժին» ակցիան է կազմակերպել, քաղաքապետի թիմակիցները սպառնացել են իր ընտանիքի անդամներին: Հայկը նույնպես մատնացույց է անում այն երկու տղամարդկանց, ովքեր Գորիսում հարձակվել են իրենց վրա:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ նոր Հայաստանում բռնության այսպիսի դեպքերը պետք է բացահայտվեն ու մեղավորներն այլևս չպետք է պատժից խուսափեն: Կասկածներ ունի, որ սա կարող է սաբոտաժ կամ սադրանք լինել նոր կառավարության դեմ։

Միջադեպից հետո՝ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, թե օգոստոսի 3-ին դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ Հայկ Հակոբյանից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկին ու նրա ընկերներին: Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողներն ապահովելով նրանց անվտանգությունը՝ ուղեկցել են դեպի Երևան: Կան բերման ենթարկվածներ:

Տուժողներ Էլվիրան ու Հայկն ասում են՝ տեղի ունեցածը հարձակում է իրենց վրա, ոչ թե վիճաբանություն: Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետի և ոստիկանապետի հետ: Ասում են՝ իրենց կյանքին վտանգ է սպառնում:

«Ես ուղղակի չեմ կարող գնալ էդ գյուղ ու ապրել, որովհետև իմ կյանքին վտանգ է սպառնում։ Ամեն պահ, Սյունիքի մարզ մտնելով՝ ենթարդում եմ, որ ինձ կարող են ուղղակի սպանել էնտեղ»,-ասում է Հայկ Հակոբյանը։

«Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների անվտանգության համար»

Միջադեպին արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենի կայքում հրապարակված հաղոդագրությունում ասվում է՝ «Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր»:

Իսկ Երևանում ԱՄՆ դեսպանատունը տարածած հայտարարությամբ մատնանշել է, որ «պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար»: — «ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում՝ օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը ինը հայ ԼԳԲՏ ակտիվիստների վրա», — ասված է հայտարարությունում:

Աղբյուր՝ Azatutyun.am