Սա նոր Հայաստանն է, որին պարտավոր են հարգել

313

1in.am-ը գրում է՝

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Բրյուսելի օդանավակայանում անդրադարձել էր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` հնչեցնելով գնահատականներ, որոնք միանշանակ չէին ընկալվել քաղաքական, փորձագիտական շրջանակներում: Եվ ահա, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ԵՄ այցի ընթացքում արած հայտարարություններից մեկը։

«…Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,- գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի երեկվա բանավոր խոսքն, անշուշտ, ավելի պերճախոս էր և հանգում էր հենց հիմնական գաղափարին` ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում:

Խնդիրն այստեղ բնավ էլ չի վերաբերում միայն ԵՄ ֆինանսական աջակցությանը, որովհետև դրանով փոքրացնում, նեղացնում ենք քննարկվող հարցի նշանակությունը, դրա քաղաքական բովանդակությունը:

Ֆինանսները կոնկրետ քաղաքականության, կոնցեպցիայի դրսևորում են, Եվրամիության որոշակի ներդրումը Հայաստանի արդիականացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացում: Առանց նպատակային հստակ ձևակերպումների, բարեփոխումների թիրախները և վեկտորները ճշտելու` տրամադրվող ֆինանսները նույնիսկ կարող են ի չարս օգտագործվել` ինչպես դա եղել է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Հայաստանում չի եղել իրական պայքար կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, ըստ այդմ` Բրյուսելն իր ֆինանսական ներարկումներով ակամայից նպաստել է քրեաօլիգարխիկ կոռումպացված համակարգի ամրապնդմանը: Հենց սա էր երեկ ասում Նիկոլ Փաշինյանը և այս հարթության վրա նա միանգամայն ճիշտ է:

Սերժ Սարգսյանը հեռացավ իր հետևից թողելով հետամնաց մի համակարգ, որին տարիներ շարունակ հաջողվել է խորամանկ հնարքներով ԵՄ-ից ստանալ լեգիտիմություն և փող: Այդ ամենը եղել է Հայաստանի և նրա զարգացման հաշվին ու այս ամենում մեղքի իր բաժինն ունի նաև Եվրամիության ղեկավարությունը, որը կոռուպցիոն յուրաքանչյուր բացահայտման խորքերում պետք է փորձի գտնել նաև իր քաղաքականության ձախողումն, առնվազն` անհամսրժեքությունը:

Հայաստանում արմատապես իրավիճակ է փոխվել և իսկապես համոզված ենք, որ Բրյուսելում խանդավառված են այն մտքից, որ Երևանում այլևս գործ ունեն ոչ թե իմիտացիոն, այլ իրական գործընկերների հետ, որոնց համար եվրոպական մոդելի պետություն կառուցելը ոչ թե Բրյուսելին սիրաշահելու, նրանից փող պոկելու միջոց է, այլ` առաջնահերթություն, որը բխում է թավշյա հեղափոխության համատեքստից, օրակարգից:

Բրյուսելում ոչ թե խոսքերով, այլ կոնցեպտուալ քաղաքականության, նոր ռազմավարության շրջանակում պետք է ընդունեն թավշյա հեղափոխության քաղաքական լեգիտիմությունը, նոր Հայաստանի իրողությունը, որը չափելի չէ ոչ 10 միլիոն և ոչ էլ նույնիսկ` 100 միլիոն եվրոյով: Մյուս կողմից` չենք ուզում խիստ գնահատականներ հնչեցնել Բրյուսելի հասցեին, որովհետև հետխորհրդային տարածքում, հատկապես` եվրասիական միջավայրում տեղի է ունեցել այնպիսի մասշտաբային իրադարձություն, որի քաղաքակրթական մոտիվները, քաղաքական հետևանքները հասկանալու համար տասնամյակներ են պետք: ԵՄ-ն բյուրոկրատական բազմաշերտ, բազմահարթակ կառույց է և իսկապես ժամանակ է պետք, որպեսզի կարողանա ադապտացվել նոր իրողություններին, գիտակցել Հայաստանի հետ որակապես նոր հարաբերություններ կառուցելու հրամայականը:

Թավշյա հեղափոխությունն անդառնալիորեն պատմության գիրկն է ուղարկել հին Հայաստանը, որի հավակնությունների նշաձողն իջեցված էր կոռուպցված համակարգի ընչաքաղցության նշաձողի մակարդակին: Նիկոլ Փաշինյանի շուրթերով խոսում է նոր, ժողովրդավարական Հայաստանն, որը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում Բրյուսելից: Նախօրեին հենց այս վիճակը նկատի ունեինք, երբ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին նախորդող մեր հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նույնիսկ ինստիտուցիոնալ նոր հիմքերի անհրաժեշտություն ունեն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման լոկալ ճգնաժամերից:

Աղբյուր՝ 1in.am